Շարմազանովը հակադարձել է ադրբեջանցուն` իր օրինակը բերելով որպես ազգությամբ հույն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 14:44

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը` նշելով, որ այն այսօր առավել հաճախակի բնույթ է կրում:

Հիմնավորելու համար իր ասածը` Շարմազանովը մեջբերել է ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Չպետք է պղտորենք մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով և այլամերժությամբ, չպետք է զոմբիացնենք երիտասարդներին: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական և հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե»:

Ի հակադրումն այս տեսակետի` Շարմազանովը ներկաներին հիշեցրել է Ադրբեջանի նախագահի ելույթը կառավարության նիստի ժամանակ, որտեղ Ալիևը հայտարարել էր. «Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»:

ԱԺ փոխնախագահը մեջբերել է նաև Սաֆարովի փաստաբանի հայտարարությունը, ըստ որի հայի սպանությունն Ադրբեջանում քրեորեն հետապնդելի չէ: Նա հարց է ուղղել ներկաներին, թե կարո՞ղ է ռասիզմի և քսենոֆոբիայի ավելի ցայտուն օրինակ լինել. «Մեր բոլոր գործընկերները, բացառությամբ Ադրբեջանի պատվիրակության, բնականաբար, ընդունեցին դա»:

Սակայն ամենահետաքրքիրն այն է եղել, որ ադրբեջանի ներկայացուցիչ Ռագիմ Զադեն «ադրբեջաբի պետական քարոզչամեքենայի դերասանական, բայց չստացված դերասանական տոնով» հայտարարել է, թե «շոկի» մեջ է Շարմազանովի ելույթից հետո, քանի որ մի պետության ներկայացուցիչ, որտեղ «իրականացվել է Խոջալուն և որտեղ ոտնահարված են ազգային փոքրամասնությունների իրավունքները», չի կարող խոսել ռասիզմից և քսենոֆոբիայից:

Օգտվելով ելույթի իր իրավունքից` Շարմազանովը հայտարարել է, թե Ռագիմ Զադեն ներկայացրեց Ադրբեջանի ղեկավարության իրական դեմքը` բացահայտ սուտ խոսելով. «Ես կցանկանայի, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ այնպիսի վերաբերմունք ինչպիսին Հայաստանում է, լիներ բոլոր երկրներում,-ասել է Շարմազանովը և որպես ցայտուն օրինակ` նշել իր օրինակը,-ազգությամբ հույն անձնավորությանը, որը ես եմ, Ազգային ժողովում ընտրել են ԱԺ փոխնախագահ»:
Ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, Շարմազանովը Ռագիմ Զադեին խորհուրդ է տվել կարդալ իր իսկ նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը ռուսական «Վեդոմոստի» թերթին, որտեղ նա նշել էր, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել են Ադրբեջանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, և հայերն այստեղ որևէ մեղք չունեն:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply