ՀԱԿ-ի վերջին կանխատեսումները. ընդդիմադիր երա՞զ, թե՞ իշխանական մղձավանջ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 4, 2010 16:32

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ստեղծման առաջին իսկ օրվանից ՀԱԿ-ի միակ իղձը երկրում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումն է: Այս մարտի 1-ին նույնպես հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները պնդեցին արտահերթ ընտրությունների նպատակը` նշելով հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դրա անխուսափելիությունը:

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դա հիմնավորեց նրանով, որ երկրի թե’ ներքաղաքական, թե’ արտաքին քաղաքական իրավիճակն այսօր պայթյունավտանգ է «մարտիմեկյան դեպքերի բացահայտված չլինելու, ղարաբաղյան հարցում և հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի իշխանությունների ձախողման պատճառով»:

Հատկապես հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պնդումը կարելի է խիստ վիճելի համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հարաբերություններում հաջորդ քայլը Թուրքիայինն է, և հենց նա է ընկել իր «լարած թակարդը»` չիմանալով այդ թակարդից դուրս գալու տարբերակները:

Թերևս հենց երկրի նախագահի վստահ արտաքին քաղաքականության «պատճառով» է, որ վերջին շրջանում ՀԱԿ-ի` որպես արմատական ընդդիմության վարկանիշը զգալիորեն ընկել է: Մյուս պատճառն այն է, որ ՀԱԿ-ը բավական տևական ժամանակահատված, կարելի է ասել, ողջունում էր երկրի նախագահի արտաքին քաղաքական քայլերը:

Անցյալ տարվա մայիսի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ «հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետև շոշափում է հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը», և ավելացրեց, որ «ՀԱԿ-ը… կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին»: Սրա հետևանքը եղավ այն, որ մի շարք ծայրահեղ ընդդիմադիր քաղաքական ուժեր լքեցին Տեր-Պետրոսյանի շրջապատը:

Մյուս պատճառը ընդդիմության անգործությունն է: Ինչքան էլ Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքին փորձում էր համոզել, որ ՀԱԿ-ն այսօր ամենագործունյա քաղաքական կառույցն է Հայաստանում, այնուամենայնիվ, նրա այդ պնդումը կարելի է վերագրել միայն ֆանտաստիկայի ժանրին: Իրականում, ՀԱԿ-ի միակ նշանակալից գործն իր ստեղծումն էր, որով Տեր-Պետրոսյանը ապարդյուն փորձ էր անում նոր շունչ հաղորդել իրեն գրեթե ամբողջությամբ սպառած ընդդիմադիր շարժմանը:

Այս առումով բոլորովին զարմանալի չեն վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք մեծ մասամբ հակասում էին ամիսներ առաջ նույն անձանց արած հայտարարություններին,  երբ ողջունում էին նախագահ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններում:

Ստեփան Դեմիրճյանը, օրինակ, վերջին հանրահավաքում նշեց, որ «պարզ չէ, թե ինչ շահեց Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների այսպիսի ընթացքից», և այդ հարաբերությունները փակուղի են մտել: Իսկ Տեր-Պետրոսյանը, իր ծայրահեղական ոճով անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Սարգսյանի որդեգրած դիրքորոշմանը, նշեց, որ «ևս մի այսպիսի նախաձեռնողական քաղաքականություն, և Ղարաբաղից ու Հայաստանից բան չի մնա»:

Այս ամենով հանդերձ, սակայն, իշխանությունները մտորելու առիթ ունեն. թեև երկրում այսօր, փաստացի, միասնական ընդդիմություն չկա, իշխանական դաշտում էլ խնդիրներ կան:

Երկրի վարչապետի պաշտոնանկության մասին անընդհատ շրջանառվող լուրերը, վարչապետ-ԱԺ նախագահ հակասությունների մասին կուլիսային խոսակցությունները, կոալիցիոն կուսակցությունների կողմից ղեկավարվող որոշ նախարարություններում նախարարների պարբերական փոփոխությունները իշխանական դաշտում անկայունություն են մտցնում:

Հենց այս պատճառով է, որ ընդդիմությունը «խոսելու տեղ է ունենում», իսկ մարդիկ ծափողջույններով են ընդունում «հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում սպասվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների» մասին կանխատեսումները:

Այնուամենայնիվ, այսօր ծափահարողներն ընդամենը մի քանի ամիս անց, խորը հիասթափություն են ապրելու, երբ պարզ դառնա, որ ՀԱԿ-ի հայտարարությունները հերթական ամբոխահաճություն էին: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իշխանություններին վերագրվող “wishful thinking” սկզբունքը (ցանկալին իրականության տեղ դնելու հակումը) նույն հաջողությամբ կարելի  է վերագրել կոնգրեսի գործունեությանը:

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply