Վարդենիսի տարածաշրջանից 22 մարդ է հոսպիտալացվել սիբիրյան խոցի ախտանշաններով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 12:16

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը սիբիրյան խոցի հայտնաբերման առնչությամբ խիստ վերահսկողություն է իրականացնում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը, ծառայության աշխատակիցների կողմից վերահսկողություն է իրականացվում, որպեսզի Գեղարքունիքի մարզից, որտեղ ի սկզբանե գրանցվել էր դեպքը, մսամթերք դուրս չբերվի: «Գեղարքունիքի մարզում, «Գումի» շուկայում պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում, կասկածելի ողջ մսամթերքը հանձնվում է լաբորատոր փորձաքննության: Մինչ այժմ հիվանդ կենդանու միս չի հայտնաբերվել»,-ասաց Պիպոյանը:

Ակնկալվում է, որ Գեղարքունիքի մարզում մի խումբ մարդկանց մոտ սիբիրյան խոցի կասկածելի ախտանշանների վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 22-ին կամ 23-ին:

Հոկտեմբերի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հոկտեմբերի 21-ի տվյալներով` մեկ մարդ հոսպիտալացվել է Երեւանում, իսկ 21-ը` Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում: Առողջապահության նախարարությունը դեպքերի հայտնաբերման առաջին օրերին այդ մասին չի բարձրաձայնել` բնակչությա մոտ խուճապ չառաջացենելու նպատակով:

Սիբիրյան խոցը կենդանիների եւ մարդու մոտ հայտաբերվող սուր վարակիչ հիվանդություն է։ Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներին խնամելիս, հարկադրական մորթի եւ մսեղիքը կտրտելու ժամանակ եւ վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ եւ այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։ Սիբիրախտի մաշկային տեսակը վտանգավոր չէ, առավել վտանգավոր է որովայնային եւ թոքային տեսակը:

1950-ականներից սկսած` Հայաստանում որովայնային եւ թոքային սիբիրախտի դեպք չի արձանագրվել, այլ հայտնաբերվել է միայն մաշկային տեսակը: 1980 թվականին գրանցվել է սիբիրախտի 27 դեպք, 1988-ին` 18, 1999-ին` 20: Վերջին անգամ սիբիրյան խոց հանրապետությունում գրանցվել է 2008 թվականին:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply