Տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2012 5:47

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում հանգամանալից քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Դիլիջանի զարգացման ուղղությամբ: «Միջազգային այս ուսումնական հաստատության կառուցումն օգնելու է մեզ տարբեր խնդիրներ լուծելու գործում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Համատեղ ջանքերով կարող ենք ապագա հինգ տարիների ընթացքում ունենալ որակապես այլ Դիլիջան, որը չի զիջի զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող նմանատիպ այլ կենտրոնների: Դրա համար կան լավ նախադրլյալներ:
Ընդհանրապես, Դիլիջանի ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի պետությունը մեկ արմատական որոշում կայացներ, և դա Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրն է: Դա հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում և ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»
,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է լինելու 13-18 տարեկան 650 աշակերտի համար: Տեղեկացվել է, որ դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են երկու փուլերից: Առաջին փուլի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ շահագործման կհանձվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը:
Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016 թ.-ին, կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply