Ծաղկաձորում մեկնարկեց «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 21, 2012 12:47

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հոկտեմբերի 20-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, փորձագետներ:
Սեմինարի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Եպիսկոպոս Քարամյանը:
Միջոցառումը բացեց և հյուրերին ողջունեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այնուհետև խոսքը տրվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով կարևորեց ինչպես ոստիկանության, այնպես էլ լրատվամիջոցների հետ համագործակցությունը:
Անդրեյ Սորոկինը Վլադիմիր Գասպարյանին «Ոստիկանությունն իմ պաշտպանն է» խորհրդանշական մակագրությամբ հուշանվերներ հանձնեց:
Ոստիկանության պետը գործընկերային հարաբերությունների և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` անդրադարձավ սեմինարի սկզբունքներին, խնդիրներին և ակնկալիքներին:
Բացման արարողության ավարտին Վլադիմիր Գասպարյանը Նոր կտակարաններ նվիրեց մասնակիցներին, ապա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերող հարցեր: Նշվեց, որ դրանցից յուրաքանչյուրի լուսաբանումն ունի իր առանձնահակությունները, բայց կա մի ընդհանրական սկզբունք. անկողմնակալ և ամբողջական տեղեկատվություն հնարավոր է ապահովել միայն ոստիկանության ու լրատվամիջոցների առողջ համագործակցության դեպքում:
Լրատվության միջոցների և ոստիկանության համագործակցության հիմնախնդիրներին, մասնավորապես, անդրադարձավ միջազգային փորձագետ Դուշկո Զավիչը, իսկ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Սեմինարի առաջին օրվա ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությունը, նշելով, որ արվեց ևս մեկ կարևոր քայլ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդման ճանապարհին:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply