Որդեգրման նոր կարգ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2012 18:36

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ռուս երեխաների որդեգրման բնագավառում ռուս-ամերիկյան համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2012 թ. նոյեմբերի 1-ից: Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, այդ տեղեկությունները հաստատել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում:

Համաձայնագիրը մշակվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, այն 2011թ. հուլիսի 13-ին ստորագրել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այս տարվա հուլիսի 28-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը վավերացրել է համաձայնագիրը:

Համաձայնագիրը վերանայելու պատճառ էին հանդիսացել ամերիկացի որդեգրողների կողմից ԱՄՆ տեղափոխված երեխաների հետ կատարված ողբերգական միջադեպերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լավրովը, ամերիկյան կողմն առանձնապես հեշտությամբ չի համաձայնել երկկողմ համաձայնագրին: Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտում վստահեցրել են, որ ամերիկյան իշխանությունները ձգտում են որդեգրման առավելագույնս անվտանգ և թափանցիկ ընթացակարգ կիրառել:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին 20 տարվա ընթացքում, երբ ամերիկացիները հազարավոր ռուս երեխաներ են որդեգրել, այդպես էլ որևէ լիարժեք միջկառավարական պայմանագիր չի կնքվել: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը կյանքի համար վտանգավոր պայմաններում հայտնված երեխաներին աջակցելու օրինական իրավական հիմքեր չունի:

Այժմ նոր համաձայնագիրը սահմանում է, որ երեխայի որդեգրումն այլ պետությունում հնարավոր է, եթե նրա ծնված երկրում չի գտնվել նրան համապատասխան ընտանիք: Իսկ որդեգրողի թեկնածուի նկատմամբ պարտադիր պահանջ է համապատասխան սոցիալ-հոգեբանական նախապատրաստություն անցած լինելը: Դրանից բացի, համաձայնագրով սահմանվում է որդեգրված երեխաների կյանքի պայմանների նկատմամբ վերահսկողության մեխանիզմ, ինչպես նաև որդեգրված երեխայի քաղաքացիություն ընդունելու կարգը՝ պահպանելով ծագման երկրի քաղաքացիությունը և այլն:

«Փաստինֆո»

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply