Արտգործնախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 20, 2012 18:00Հոկտեմբերի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Դաֆինա Գերչևային Հայաստանում իր առաքելության ընթացքում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում անձնական ներդրման համար և ի գնահատումն՝ պարգևատրեց ԱԳՆ հուշամեդալով։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց տիկին Գերչևային իր հետագա գործունեության մեջ։
ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Գերչևան բարձր գնահատեց իր պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին վերջին տարիներին ՄԱԿ-ի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր նախագծերի իրագործման շուրջ։