Սկսվեց «Սուրբ խաչի» և «Հույսի Խորանի» օծման արարողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2012 17:24

Այն տեղակայված է Երևան-Ապարան ճանապարհի, «Տառ-Քարերի» պուրակի բարձրադիր մասում: «Սուրբ խաչի» ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհդանշում է քրիստոնեության և հայ ժողովրդի պատմական և հոգևոր նշանակալից իրադարձությունները. «Սուրբ խաչի» բարձրությունը` 33 մետր է` Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը:

«Սուրբ խաչը» բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Նախատեսվում է ամեն տարի «Սուրբ Խաչի» վրա տեղադրել այդ տարին խորհրդանշող ևս մեկ խաչ:

«Սուրբ խաչի» համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը’ 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: «Սուրբ խաչը» քառաթև է և յուրաքանչյուր թևի տակ տեղակայված են 4 մատուռներ’ մոմավառության սեղանիկներով, և Հայ առաքելական սուրբ եկեղեցին հենց հոկտեմբերի 20-ին նշում է 4 Ավետարանիչների հիշատակի օրը: «Սուրբ խաչի» կառուցումը հատուկ գլանաձև խողովակներով նույնպես յուրահատուկ իմաստ ունի, քանզի գլանաձև խողովակները ձայնային էֆեկտներ արձակելու հնարավորություն ունեն և տարբեր ուժգնության քամիների ժամանակ տարբեր ձայնային հնչերանգներ են արձակում, որը հիշեցնում է եկեղեցական երգեհոնային երաժշտություն: «Սուրբ խաչն» ունի նաև արտաքին լուսավորություն և գեղագիտական լուծումով այնպես է լուսավորությունը տեղադրված, որ գիշերային ժամերին «Սուրբ խաչը» պատկերվում է որպես երկնքից կախված լուսավոր խաչ, ինչը Արագած լեռան գագաթին սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի մարմնավորումն է:

Բլրի ստորոտում կառուցված է «Հույսի խորան», որը բացի հոգևոր խորանից, ունի նաև աշխարհիկ միջոցառումների հարթակ, ծիսական միջոցառումներից հետո հանդիսություններ անցկացնելու, աշխարհիկ տոնախմբություններ կատարելու համար, նախատեսված բազմահազար հանդիսականի համար: «Սուրբ խաչը» և «Հույսի խորանը» տեղակայված են հայ ժողովրդի համար նվիրական Արարատ, Արագած և Արա լեռների եռանկյան մեջ:

«Սուրբ խաչ» և «Հույսի խորան» հուշահամալիր ուխտատեղին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության և նրա պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ կառուցված հերթական կոթողն է: Ընդ որում կազմակերպիչը հոգացել է նաեւ տարածքի բարեկարգման համար: Դեպի Խաչ տանող ճանապարհը ասֆալտապատվել է, իսկ ճանապարհի եզրերին կազմակերպվել է ծառատունկ, Խաչի եւ Խորանի շուրջ բոլորը տնկվել են եղեւնիներ, վարդեր եւ այսօր իսկ վստահաբար կարող ենք ասել, որ այս տարածքը համալրելու է գեղատեսիլ վայրերի շարքը` դառնալով զբոսաշրջության հիանալի վայր: Ընդ որում, շինարարությանն իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ուսանողները, ովքեր ինչպես ընթացքում պարբերաբար, այնպես էլ վերջին օրերին ջանասիրաբար կազմակերպւմ էին շաբաթօրյակներ` աղբից մաքրելով ոչ միայն Խաչի շրջակայքը, այլ նաեւ տառերի պուրակը:

«Փաստինֆո»

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply