ՀՀ ոստիկանապետը լրագրողներին. «Մենք ձեր եղբայրներն ենք, ուրիշը չենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2012 17:20

«Ես որպես ոստիկանապետ և քաղաքացի նայելով ձեր աչքերին ասում եմ` ոստիկանությունը լինելու է համաչափ և ազնիվ: Ոստիկանության գործունեությունը բխելու է օրենքի շահերից»: Այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանապետն այսօր Ծաղկաձորում անցկացվող սեմինարի ընթացքում:

Դիմելով լրագրողներին` ոստիկանապետը նշեց, որ եթե տեսնեն ոստիկանության պարագայում անազնվություն կա, առաջինը քարը նետեն իր ուղղությամբ, բայց. «քարը նետելուց առաջ մտածեք՝ միգուցե սխալվե՞լ եք»: ՀՀ ոստիկանապետը հավելեց, որ գիտի`երբեք արդարության չեն հասնելու, բայց պետք է կարողանան տրամաբանական նվազագույնի հասցնել անարդարությունը:

«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ տարիներ հետո, երբ մեր համազգեստը հանենք, քաղաքացին տեսնի, որ այդ համազգեստի մեջ մարդ է եղել և ոչ թե դատարկություն: Մենք այդ սկզբունքներին չենք դավաճանելու»: Ըստ Վ. Գասպարյանի` լրագրողներն ու ոստիկաններն իրենք մասնագիտական խորամանկություններով շատ նման են միմյանց: «Ունենում ենք ոստիկաններ, որ մի տեղեկատվության են տիրապետում, իրենք իրենց մեջ դա բացահայտում ենք ու իրենց չեմպիոն համարում: Մինչդեռ մի քանի օր հետո ծանրակշիռ փաստեր են ի հայտ գալիս: Նույնն էլ լրագրողներն են, մի տեղեկատվության են տիրապետում, սկսում են աղաղակել ու թղթին տալ: Բայց մինչ տալը հարցրեք՝ միգուցե մենք օգնենք»:

ՀՀ ոստիկանապետը խորհուրդ տվեց լրագրողներին անդրադառնալ ոչ ճիշտ ճանապարհին կանգնած ոստիկանին, օգնել նրան, բայց ոչ թե աղաղակելով, այլ ոստիկանի հետ աշխատելով: «Մենք ձեր եղբայրներն ենք, ուրիշը չենք»,- խոսքը եզրափակեց ՀՀ ոստիկանապետը:

«Փաստինֆո»

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply