Կվերահսկի և կտուգանի գովազդատուներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 20, 2012 16:54

Հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում Ազգային ժողովի կողմից սեպտեմբերի 11-ին ընդունված լրացումները:

Ըստ այդմ, օրենսգիրքը լրացվել է նոր` 47.7-րդ հոդվածով, որով պատասխանատվություն է սահմանվում հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջները խախտելու համար:

Մեկ այլ` 244.14-րդ հոդվածում կատարված լրացմամբ սահմանվում է, որ 47.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու են ՀՀ առողջապահության նախարարության մարմինները:

Առողջապահության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է (են) ՀՀ առողջապահության նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձինք):

Ըստ 47.7-րդ հոդվածի` «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջների խախտմամբ հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը կառաջացնի տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի (200 հազար դրամ) չափով:

«Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտմամբ ալկոհոլային խմիչքների գովազդը գովազդատուի նկատմամբ կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի (300 հազար դրամ) չափով:

Ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտմամբ գովազդատուի նկատմամբ կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի (500 հազար դրամ) չափով:

Այս արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:

«Փաստինֆո»

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply