Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաիին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2012 21:42

Նախագահը կարևորել է Երևանում անցկացված «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովը և բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերը՝ աշխարհում տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության զարգացման գործում:

Համաժողովի խորագիրը և մասնակիցների ներկայացուցչական կազմը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, վկայում են, որ այն հետաքրքիր, բովանդակալից և օգտակար է եղել բոլոր մասնակիցների համար:

Տալեբ Ռիֆաին գոհունակությամբ է փաստել, որ համաժողովի շրջանակներում քննարկումները բավականին արդյունավետ են եղել, միաձայն ընդունվել է Երևանյան հռչակագիր՝ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ զբոսաշրջության դերը մեծ է նաև մշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանության և միջմշակութային հարաբերությունների ձևավորման գործում:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆաին մտքեր են փոխանակել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, այդ ոլորտում մեր երկրում առկա մեծ ներուժի և ոլորտի զարգացման նպատակով Հայաստանի հարաբերական առավելությունների լիարժեք օգտագործման շուրջ:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply