«Սահման» -ը Լուվրում ջերմ ընդունելության արժանացավ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 19, 2012 18:51

 
Հոկտեմբերի 14-ին Լուվրում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Սահման»  ֆիլմը:

Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը ևս ներկա էր հայկական կինոյի պատմություն համար առանցքային կարևորություն ունեցեղ այս իրադարձությանը`

«Այն  հանգամանքը,  որ Լուվրն իր կինոցուցադրությունների դահլիճը տրամադրում է հայկական ֆիլմին ,  արդեն իսկ շահեկան է մեր երկրի համար:   Լուվրը համաշխարհային խաչմերուկ է  ոչ միայն այն իմաստով, որ այնտեղ հավաքված է համաշխարհային արվեստի մեծ հարստություն,  այլև այցելուների առումով: Լուվրի խաչմերուկում ցուցադրված կինոն ստանում է  միջազգային հնչողություն:  Հարություն Խաչատրյանի «Սահման»  ֆիլմը  բավականին յուրօրինակ ձևով մատուցվեց Լուվրում: Անվանի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամին այդ օրերին անց էր կացնում իր ֆիլմերի ցուցադրությունը:  Ծրագրի կազմակերպիչները Քիառոստամիին առաջարկել էին  ցուցադրության համար ընտրել իր ֆիլմերից երկուսը և ևս մեկը` հմաշխարհային կինոյից: Նա ասաց, որ համաշխարհային կինոյից ընտրություն կատարելն իր համար շատ պարզ էր և դա Հարություն Խաչատրյանի «Սահման»-ն էր, որն առաջին իսկ դիտումից փոխել է աշխարհի հանդեպ իր վերաբերմունքը, իսկ հիմնական դժվարություն ինքն ունեցել է սեփական ֆիլմերի ընտրության հարցում:                                                                    Շատ խորհրդանշական է և ինքնին արժեքավոր, որ Աբաս Քիառոստամիի  նման հեղինակության տեր արվեստագետի անձնական ընտրությունը կանգ է առել Հարություն Խաչատրյանի ֆիլմի վրա:       Քիառոստամին  հիմնականում  խոսեց դեպի  կյանքն ուղղված այն անկեղծ հայացքի մասին, որն ունի Հարություն Խաչատրյանի կինոաչքը:              Ցուցադրությանը հայեր նույնպես կային, բայց գերակշիռ մասն այլ ազգերի ներկայացուցիչներ էին: Ֆիլմից հետո հանդիսատեսները  շրջապատել էին  կինոռեժիսորին և իրենց գնահատանքն էին արտահայտում: Կարծում եմ, որ այս ցուցադրությունը պետք է գրանցել որպես հայ կինոյի լուրջ հաջողություն»,- ասաց Դավիթ Մուրադյանը:

 

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply