Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում 10 տարեկան է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2012 17:05

Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում արդեն 10 տարվա պատմություն ունի, իր 10-ամյա հոբելյանն է նշում նաեւ ՀՀ-ում օրգանական արտադրության սերտիֆիկացնող մարմինը՝ «Էկոգլոբ»-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կազմակերպության հիմնադիր-տնօրեն Նունե Դարբինյանը՝ շնորհավորելով հոկտեմբերի 19-ի՝ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:  «Հայ արտադրողն այսօր հնարավորություն ունի, գործելով գյուղատնտեսության օրգանական ճյուղում, սերտիֆիկացում անցնելու եւ իր արտադրանքը դուրս բերելու միջազգային շուկա: Ոլորտը Հայաստանի համար ներկայացնում է կայուն գյուղատնտեսության զարգացման եզակի հնարավորություն»,- նշեց Նունե Դարբինյանը:

ՀՀ էկոնոմիկայի  նախարարության Որակի ենթակառուցվածքների վարչության պետ Լիլի Մաքսուդյանն օրգանական գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի համար կարեւորեց  հատկապես Եվրամիության հետ ստորագրելիք ասոցացման համաձայանագրի, ինչպես նաեւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցություններում հաջողելու տեսանկյունից: «Օրգանական արտադրանքը կհետաքրքրի եվրոպական շուկային. դա այն է, ինչի նկատմամբ հետաքրքրություն եւ պահանջարկ կա դրսում: Հայաստանը կարիք ունի սերտիֆիկացում անցած եւ որպես որակի երաշխիք՝ «էկո», «բիո» պիտակները կրող արտադրանքի»,- համոզմունք հայտնեց Լիլի Մաքսուդյանը:

Օրգանական սննդամթերքն արտադրվում է որոշակի՝ սովորական արտադրանքից տարբերվող և օրգանական ստանդարտով սահմանված պայմաններում: Օրգանական սննդամթերքի արտադրության ժամանակ կան մի շարք «չի կարելի»-ներ, օրինակ՝ թունաքիմիկատների, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործում, աղտոտումներին մոտ գտնվող վայրերում արտադրություն, բնությանը վնաս հասցնող մեթոդների կիրառում: Դա, կարելի է ասել, բնությանը առավել նպաստող, այսպես կոչված «կանաչ» տեխնոլոգիա է, որը ապահովում է կայուն գյուղատնտեսություն՝ իր բոլոր տնտեսական, բնապահպանական և սոցիալական տարրերով:

«Էկոգլոբ» ՍՊԸ-ն հիմնվել է 2002 թվականին եւ հանդիսանում է ՀՀ-ում եւ ԱՊՀ տարածքում միջազգային շուկայի համար միակ հավատարմագրված օրգանական արտադրության սերտիֆիկացնող մարմինը: Ընկերության կողմից սերտիֆիկացված արտադրանքն առանց խոչընդոտների ներկայացվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ասիական երկրների եւ Ռուսաստանի  «բիո» մթերքի շուկաներում:

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply