«Հայփոստը» նամակներն առաքում է ուշացած կամ սխալ հասցեով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2012 13:47

Հանձնաժողովը դիմում-բողոքներ է ստացել մի շարք տնտեսվարողներից, ինչպես նաև շարքային քաղաքացիներից այն մասին, որ «Հայփոստը» ժամանակին և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները: Մասնավորապես, ըստ բողոքների, առաքվող ծրարները տեղ են հասնում էական ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում են հանձման ամսաթիվը: Բազմաթիվ են նաև այնպիսի դեպքերը, երբ «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ: Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:
Վերոնշյալ խախտումները խոչընդոտում են հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին՝ ստեղծելով խնդիրներ նաև տնտեսվարողների համար: Նրանց մի մասը բարեխղճորեն կատարում է պետական կառույցներին տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունները, սակայն «Հայփոստի» վարքագծի պատճառով դրանք կամ ընդհանրապես տեղ չեն հասնում, կամ հասնում են պահանջվող ժամկետից զգալի ուշացումով: Առկա են դեպքեր, երբ «Հայփոստի» նման վարքագծի արդյունքում տնտեսվարողները դիմել են դատարան: Հանձնաժողովը խստորեն զգուշացրեց «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները և սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ:
Տեղեկացնենք նաև, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, ՏՄՊՊՀ-ը մշակել է համապատասխան օրենսդրական առաջարկներ, որը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply