Թուրքիան ընդունել է, որ սիրիական ինքնաթռում զենք չի եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 19, 2012 10:12
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը սիրիական ավիաուղիներին պատկանող մարդատար ինքնաթռի Անկարայի Էսենբողա օդանավակայանում հարկադիր իջեցման առնչությամբ պարզաբանումներ է արել: Նա, պատասխանելով թուրքական «Cumhuriyet» թերթի այն հարցին, թե Անկարան ի վերջո ձեզ ինչ է պատասխանել, նշել է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո Անկարայում մեր դեսպանը կրկին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ: Արդյունքում թուրքական կողմը հրաժարվել է ինքնաթռում զինամթերք լինելու մասին իր պնդումներից: Այս պահին թուրքական կողմի միակ առարկությունը բեռի տեղափոխման մասին բավարար չափով տեղեկացված չլինելու հանգամանքն է»:
Լուկաշեվիչը պնդելով, որ սիրիական ինքնաթռում գտնվող Ռուսաստանի 17 քաղաքացիների նկատմամբ թուրքական անվտանգության աշխատակիցները վատ վերաբերմունք են ցուցաբերել, ասել է. «Մենք պահանջում ենք, որ Անկարայի կառավարությունը ներքին քննություն անցկացնի մեր քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին հայտնաբերելու համար և մեզ տեղեկացնի արդյունքների մասին»:






Facebook
Tweet This
Email This Post
