Մի՛ համոզիր, Հայաստանից չեմ գնալու

ԷՍՍԵ | | October 22, 2012 10:26

Վերջերս մեկնում էի Կոլոմբո: Քանի որ Երևան-Կոլոմբո ուղիղ չվերթ չկար, պետք է մեկնեի Դուբայ, այնտեղից նոր միայն` Կոլոմբո: Երևանից Դուբայ թռիչքի տևողությունը մոտ երեք ժամ էր: Ընտրության առանձնապես մեծ տարբերակ չունեի. կա՛մ երեք ժամ ձանձրանալ` ինքնաթիռի աթոռին շուռումուռ գալով, կա՛մ զրույցի բռնվել կողքիս նստած երիտասարդի հետ, որը, ամեն ինչից դատելով, հատկապես շնորհակալ կլիներ վերջին տարբերակն ընտրելուս դեպքում:

Ծանոթացանք. անունը Լևոն էր, 37 տարեկան: Սկսեցինք զրուցել դեսից-դենից, եղանակներից, դոլար-դրամ, դոլար-դրահմ (դրահմը ԱՄԷ-ի ազգային արժույթն է)  փոխարժեքներից և այլն: Հետո իմացա, որ Լևոնն առաջին անգամ չէր, որ Դուբայ էր մեկնում: Նա տարեկան 3-4 անգամ բռնում է Դուբայի ճանապարհը: Հետաքրքրվեցի, թե ինչով է զբաղվում, որ ստիպված է լինում այդքան մեկնել այդ երկիր, չնայած կռահել էի, որ նա  առևտրական է: Իմացա, որ Մալաթիա տոնավաճառում տաղավար ունի, պայուսակների առևտրով է զբաղվում: Տարեկան երեք-չորս անգամ էլ հենց նրա համար է Դուբայ մեկնում, որ պայուսակներ բերի Հայաստան. ասում էր` ավելի լավ տարբերակ դեռ չի գտել:

Ինչևիցե, հետո սկսեց պատմել Դուբայի մասին, որ շառ ու փորձանքից հեռու մնամ, հավանաբար մտածում էր, որ Դուբայում երկար մնալու մտադրություն ունեմ: Կամաց-կամաց զրույցը ծավալվեց այնպես, որ Լևոնը սկսեց համեմատական վերլուծություն անցկացնել Հայաստանի և Դուբայի իրողությունների միջև: Նախ` սկսեց մարդկային հարաբերություններից, առևտրի կուլտուրայից, սպասարկման ոլորտից: Սկզբում համոզված էի, որ ստիպված եմ լինելու մնացած ամբողջ ճանապարհին լսել հերթական «գրդոնչու» դատողությունները վերին գաղափարներից, ինչպես Երևանի փողոցներում ամեն օր վխտացող լիքը-լիքը գլուխգովան տաքսիստները: Բայց կամաց-կամաց սկսեցի նկատել, որ Լևոնի դատողությունները խիստ փաստարկված են, խիստ տրամաբանված, առհասարակ շատ տեղյակ ու իրազեկ էր: Փոքր-ինչ զարմացա, երբ հասկացա, որ նա ամեն ինչին մանրամասն ուշադրություն էր դարձրել թե՛ Հայաստանում, թե՛ Դուբայում, և առհասարակ տեղյակ էր ամբողջ աշխարհում  տեղի ունեցող բոլոր իրադարձություններից:

Այնուհետև զրույցը ծավալվեց մշակույթի և ճարտարապետության ուղղությամբ: Փոքրուց սիրում էի կարդալ հին հայկական ճարտարապետության, քաղաքաշինության, հատկապես` շքամուտքերի պատրաստման տեխնոլոգիաների և արվեստի մասին գրականություն, որի ժամանակ մեկ անգամ չէր, որ ձեռքիս տակով անցել էին նաև հին և միջին դարերի տարբեր ազգերի ճարտարապետության մասին գրականություն և տեսություններ: Ուստի դժվար չէր նկատելը, որ այդ ուղղությամբ էլ Լևոնի գիտելիքներն ամենևին էլ մակերեսային չէին: Զուտ հետաքրքրասիրությունից դրդված զրույցը տարա պատմության բնագավառ: Պարզվեց, որ այս բնագավառում էլ զրուցակիցս անզեն չէր: Այնուհետև խոսեցինք ֆիզիկայից, կլիմայական և աշխարհագրական գործոնների հնարավոր ազդեցությունների փոփոխությունից Դուբայում և այլն:

Ինքնաթիռում տեղադրված մոնիտորի  վրա երևում էր մեր անցած ու անցնելիք հետագիծը, ու բացի այդ հետագծից մեկ այլ գիծ էլ կար, որ հավանաբար ավիատորները միայն կարող էին հասկանալ, թե ինչի ցուցիչն էր: Բարձրաձայն մտածեցի, թե դա ինչ գիծ կարող էր լինել, ու Լևոնը, ի զարմանս ինձ, ասաց, որ իրեն թվում է, թե դա հասարակածի և Գրինվիչի միջօրեականի հատման կետի հետ հարաբերակցությունն է: Քանի որ մոնիտորն ինտերակտիվ էր, անմիջապես փոքրացրեցի քարտեզի մասշտաբը, որ ստուգեմ նրա դատողությունը. նա այս անգամ էլ ճիշտ էր:

Լևոնին ասացի, թե երևի ամբողջ օրն իր տաղավարում պարապ նստած` ձանձրույթը ցրելու համար կարդում է` ինչ պատահի: Նա ներողամտաբար ժպտաց ու պատմեց, որ ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, այնուհետև կարմիր դիպլոմով` Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը (ներկայիս ԵՊՏՀ-ն), որպես սպա ծառայել է ԼՂՀ պաշտպանության  բանակում, ստեղծման ամենասկզբնական ժամանակաշրջանում և այլն: Բայց ճիշտ էի, նրա ամենօրյա զբաղմունքն էր կարդալը: Մի խոսքով` ուղղակի ապշած էի:

«Երևի պայուսակ ծախելու գործն այնքան եկամտաբեր է, որ չես ուզում այլ գործով զբաղվել»,- հետաքրքրվեցի: Նա էլ, թե` «հացի փող կարողանում եմ աշխատել, դժգոհ չեմ»: Հետաքրքրվեցի նաև, թե արդյոք չի՞ ուզում մեկ այլ գործով զբաղվել, ավելի մեծ բիզնես սկսել, չէ՞որ այդ ոլորտի մասնագետ է: Պատասխանեց, թե մի քանի անգամ փորձել է, բայց «ո՞վ Հայաստանում կթողնի, որ բիզնես դնես ու զարգացնես, էնքան որ թողնում են օրվա հաց աշխատես, մնացած աշխատանքդ էլ հարկերի, տուրքերի, վարձավճարների տեսքով ձեռքիցդ խլում են»:

Հետո պատմեց, որ իր բոլոր մերձավոր հարազատները արտասահմանում են` Ռուսաստանում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Բոլորն էլ ժամանակին իրեն կանչել են,

նույնիսկ  սկզբնական բոլոր ծախսերը հոգալու պատրաստակամություն են հայտնել, բայց ինքը չի համաձայնվել: «Իմ տեղը Հայաստանն ա, ես մեր երկրից ոչ մի տեղ էլ չեմ գնա, սոված էլ մնամ` չեմ գնա: Ավելի լավ ա ես սումկա ծախելով իմ օրվա համեստ հացը վաստակեմ, քան թե խալխի հողում մի քիչ ավելի լավ ապրեմ: Շատ էլ ուրախ եմ, որ Հայաստանում եմ ապրում, համ էլ ինձ շատ լավ եմ զգում, որ գոնե ընտանիքիս հացի հարցը կարողանում եմ լուծել: Ես ոչ մի բանից դժգոհ չեմ: Համոզված եմ, որ մի օր ավելի լավ ա լինելու ու ես ավելի լավ եմ ապրելու: Վատ էլ լինի` Հայաստանից չեմ գնալու. բա իմ երկիրն ո՞ւմ թողնեմ, շուն ու շան որդիների՞ն, երբեք»,- պատասխանեց Լևոնը:

Լավ, մինչև ե՞րբ է պատրաստվում այդպես ամբողջ օրն աշխատել ու միայն հացի փող վաստակելով գոհանալ` անկեղծ հետաքրքրվեցի: Նա էլ ավելի հետաքրքիր պատասխան տվեց. «Մի՛ համոզիր, Հայաստանից չեմ գնալու…Հավատում եմ, որ մի օր հայ ժողովուրդն իր հայրենիքում ավելի լավ ա ապրելու, համենայն դեպս մենք շատ բան ենք զոհաբերել, որ լավ ապրենք, մենք իրավունք ունենք լավ ապրելու: Աստծո կամքով էլ մի օր սրտացավորեն կսկսեն մեզ լավ կառավարել, ու մենք ցույց կտանք աշխարհին, որ հեքիաթային Դուբայն ընդամենը խաղալիք ա` մեր հեքիաթային Երևանի հետ համեմատած»:

Որոշեցի այլևս «չհամոզել», նա ամեն ինչ շատ պարզ ու անկեղծ ասաց: Ուղղակի սկսեցի երազել, թե երանի Հայաստանում լևոններ շատ լինեին` շատ-շատ, բոլորը լևոններ լինեն: Սակայն այլևս երազելու ժամանակ էլ չէր մնացել. ուղեկցորդուհին հայտարարեց, որ ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի:

 

 

Դիտվել է 4282 անգամ:
Print Friendly

Leave a Reply