Ինչպե՞ս է կատարվում իրավաբանական անձի պետական գրանցումը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 25, 2012 7:00

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման կարգն ու պայմանները սահմանված են «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով՝ ընդունված 2001 թ.: Իրավաբանական անձանց առանձնահատկությունները, բացի քաղաքացիական օրենսգրքից ,սահմանվում են նաև առանձին օրենքներով, յուրաքանչյուր տեսակի իրավաբանական անձի պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը ներառում է նաև տվյալ օրենքով նախատեսվող փաստաթղթերը:

Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի` «պետական գրանցումը ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումն է պետության կողմից»:

Եթե ֆիզիկական անձի իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում նրա մահվամբ, իսկ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ծագումը, այսինքն` գործունակությունը պայմանավորվում է նրա որոշակի տարիքի հասած լինելով, ապա իրավաբանական անձի իրավունակությունը և գործունակությունը ծագում են միաժամանակ և պայմանավորվում են դրա պետական գրանցմամբ: Պետական գրանցման պահից իրավաբանական անձը ձեռք է բերում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Իրավաբանական անձի այդ իրավունքը դադարած է համարվում նրա գործունեության դադարման մասին պետական գրանցման պահից: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից: Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը հավաստվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի` պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից տրված վկայականով»:

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել ցանկացող անձը Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում ներկայացնում է.

ա/ գրանցման մասին դիմում՝ նշելով անունը, անձնագրի տվյալները, բնակության և պետական գրանցման վայրը, գործունեության ժամկետը,

բ/ անձնագրի պատճեն,

գ/ լուսանկար,

դ/ պետական տուրքի վճարման անդորրագիր:

Եթե անհատ ձեռնարկատերը զբաղվելու է լիցենզավորման ենթակա գործունեությամբ, ներկայացնում է նաև լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի պատճենը:

Իրավաբանական անձը պետական գրանցման համար պետական ռեգիստրի մարմնին ներկայացնում է Օրենքի 21-24-րդ հոդվածներով սահմանված փաստաթղթերը, որոնց շարքում հատկապես կարևորվում է իրավաբանական անձի կանոնադրությունը, որի բովանդակության վերաբերյալ օրենքով նախատեսված են պարտադիր պահպանման ենթակա պայմաններ:

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր գրանցվող (հիմնադրվող) առևտրային կազմակերպությունների, հիմնադիրների կամ նրանց կողմից լիազորված անձի պահանջով Պետական ռեգիստրի կողմից տրամադրվում են գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևեր, որոնցում հիմնադրվող կազմակերպության համար լրացվում են միայն իդենտիֆիկացնող (նույնականացնող) տեղեկություններ: Նման նմուշային ձևերը հաստատում է ՀՀ արդարադատության նախարարը:

Նմուշային ձևեր ձեռք բերելը և օգտագործելը հեշտացնում է անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելը, հնարավոր սխալներից խուսափելը: Բացի այդ, նմուշային ձևերով կազմված փաստաթղթերի ներկայացման դեպքում Պետռեգիստրի մարմինը ստուգում է միայն փաստաթղթերի ամբողջականությունը, դրանցում կազմակերպությանը վերաբերող տվյալների լրիվությունը և օրենքի պահանջներին համապատասխան լինելը:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2010 անգամ:
Print Friendly

Leave a Reply