Գոնե թերզարգացած Շրի Լանկային հասնենք

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 20, 2012 13:21

Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարված է, որպես տնտեսության գերակա ուղղություններից մեկը

Աշխարհում վաղուց են հասկացել զբոսաշրջության կարևորությունը: Այն տնտեսության համար դրական դերեր է խաղում, որոնցից յուրաքանչյուրը խիստ կարևոր է ցանկացած երկրի տնտեսության, ընդհանուր զարգացման և միջազգային ճանաչման համար: Օրինակ` արդեն վաղուց գաղտնիք չէ, հատկապես` զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ստեղծում է 2-3 լրացուցիչ աշխատատեղ, որ զբոսաշրջությունը` հատկապես` ներգնա, մի հիանալի միջոց է երկրի տնտեսության մեջ արտաքին միջոցներ ներգրավելու համար: Տուրիզմի զարգացումը բերում է երկրում ենթակառուցվածքների, ծառայությունների ոլորտի զարգացում, օգնում  երկրի տարբեր շրջաններում նյութական և հատկապես ֆինանսական բարիքների հավասարաչափ տեղաբաշխմանը: Ի վերջո, այցելելով որևէ երկիր` տվյալ զբոսաշրջիկը ակամա դառնում է կա՛մ նրա գովազդողը, եթե տպավորությունները լավ են եղել, կա՛մ հակագովազդողը` վատ տպավորությունների դեպքում: Այսինքն` զբոսաշրջությունը նպաստում է տվյալ երկրի ճանաչելիությանը, որն էլ իր հերթին հանգեցնում է արտասահմանում այդ երկրի արտադրած նութական, հոգևոր և մշակութային արժեքների գովազդին ու հետևաբար պահանջարկի մեծացմանը:

Սա, իհարկե, հասկացել են նաև Հայաստանում: Ինչպես բազմիցս նշել է մեր երկրում զբոսաշրջության ոլորտի համար պատասխանատու պետական գերատեսչության` Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանում սկսեցին զբոսաշրջության մասին մտածել այն ժամանակից, երբ դրա հնարավորությունը կար:

Մի խոսքով, Հայաստանում մտածում են զբոսաշրջության մասին: Նույնիսկ ավելին` զբոսաշրջության զարգացման հայեցակարգ ունենք, օրենք էլ: Այսուհանդերձ, զբոսաշրջությունը կարծես այնքան էլ լավ չի զարգանում: Համենայն դեպս, ոչ այնպես, ինչպես ակնկալում ենք, ինչպես տնտեսության գերակա ուղղություն: Որովհետև այդպիսի բնորոշումը ենթադրում է առավելագույն ուշադրություն, խնամք և հոգատարություն, առանձնահատուկ վերաբերմունք, համապատասխան օրենսդրական և կիրառական դաշտի ապահովում, պետական խթանման համակարգեր և այլն: Հակառակ դեպքում, ինչքան էլ հայեցակարգեր գրվեն, իրենք իրենց այդ հայեցակարգերը չեն իրականանա:

Վերջերս տուրիստական ուղևորության էի մեկնել Շրի Լանկա: Այդ պետությունում էլ զբոսաշրջությունը հայտարարված է տնտեսության գերակա ուղղություն: Բայց, ի տարբերություն Հայաստանի, այդ երկրում անմիջապես զգացվում է, որ պետությունն իրոք ուշադրություն է դարձնում զբոսաշրջության վրա:

Ենթակառուցվածքների, ծառայությունների որակի, ժողովրդի կենսամակարդակի և այլ իմաստներով Հայաստանը, ակնհայտորեն, մի քանի քայլ առաջ է Շրի Լանկայից, բայց փորձենք համեմատական զուգահեռներ անցկացնել մեր երկրի և Շրի Լանկայի զբոսաշրջության միջև` ոլորտի  նկատմամբ պետության ուշադրության տեսանկյունից:

Օրինակ` Շրի Լանկայում արդեն վաղուց կա և բոլորի կողմից ակտիվ օգտագործվում է «հաստատուն տուրիստական երթուղիներ» հասկացությունը: Ասել է, թե անկախ այն հանգամանքից` զբոսաշրջիկին այնտեղ էքսկուրսիայի կտանի հարյուրամյա պատմություն ունեցող ամենախոշոր տուրիստական գործակալությունը, միջին կարգի գործակալություն, անհատ ձեռներեց, թե ուղղակի «գրդոնչի», գոյություն ունեն որոշակի երթուղիներ, որոնցում ընդգրկված են այս, այս, այս վայրերն ու կոթողները:

Տարբերությունը, իհարկե, գների մեջ է: Իսկ ացելած վայրի մասին տեղեկություն ունի յուրաքանչյուրը, որովհետև այդ երկրում պետությունը չի ծուլացել ու իրենց բոլոր պատմա-մշակութային, հոգևոր-կրոնական, բուսական և կենդանական աշխարհի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների, տեսարժան վայրերի մասին տեղեկատուններ, բուկլետներ ու պաստառներ է ստեղծել` չհաշված համացանցում օգտակար տեղեկությունների տեղադրումը:

Այժմ անդրադառնանք Հայաստանին: Հայաստանի տուրօպերատորների միության նախկին նախագահ, այժմ Տուրիզմի հայկական համալսարանի տնօրեն Ռոբերտ Մինասյանը հազար շապիկ մաշեց` ասելով, խնդրելով, մինչև իսկ պահանջելով գոնե մեկ-երկու հաստատուն տուրիստական երթուղիներ մշակել ու կազմել:  Այդ մասին  խոսք կա նաև մեր հիշատակած զբոսաշրջության զարգացման հայեցակարգում, բայց մինչև այսօր քանի՞ այդպիսի տուրիստական երթուղի է մշակվել պետության կողմից. ոչ մի: Այսինքն` պետության համար միևնույն է, թե արտասահմանցի զբոսաշրջիկը Հայաստանում ուր կգնա, ինչ կտեսնի և ինչ կիմանա իր տեսածի մասին: Էլ չենք ասում բուկլետների ու տեղեկատուների մասին, որոնց առնչությամբ նույնպես խոսք կա նույն հայեցակարգում: Հայաստանում ինչպես երթուղիները, այնպես էլ տեղեկատուները կազմում են միայն մասնավոր ընկերություններն ու անհատ ձեռներեցները` յուրաքանչյուրն իր համար ու իր ուժերին, ֆինանսական ու մտավոր հնարավորություններին համապատասխան:

Մեր հայեցակարգում նաև սևը սպիտակի վրա գրված է, որ պետք է հաշվարկվեն Հայաստան այցելող զբոսաշրջիկների մշտական բնակության վայրերը` պարզելու համար, թե որտեղից են մեր հիմնական տուրիստական հոսքերը, տարիքասեռային կազմը, պահանջները, սպասելիքները, ինչպես նաև, թե մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինը ինչքան գումար է ծախսում և ինչի վրա: Չենք կարծում, թե Հայաստանում այսօր որևէ մեկը կարող է նման տեղեկատվություն տալ, համենայն դեպս, նման մեկին չենք հանդիպել ո՛չ պետական կառույցներում և ո՛չ էլ մասնավոր հատվածում:

Ուղղակի ավելորդ ենք համարում Հայաստան եկող զբոսաշրջիկների թվաքանակի մասին խոսել (իսկական, ռեալ զբոսաշրջիկների մասին է խոսքը, որոնք եկել են տուրիստական ուղեգրերով, այլ ոչ այցելուների: Իսկ Շրի Լանկայում այդ բոլոր տվյալները կան: Եվ դրանց համապատասխան էլ պետությունը մշակում է զբոսաշրջության ոլորտին առնչվող քաղաքականություն ու հայեցակարգ: Էլ չասենք, որ այդ երկրի տուրիստական բիզնեսով զբաղվողները «կույր» չեն աշխատում:

Մի հետաքրքիր բան էլ տեսանք Շրի Լանկայում: Այնտեղ կա մի վայր, որ կոչվում է «համեմունքների պարտեզ» (Spice garden), որը նույնպես մտնում է երթուղիներից մեկի մեջ: Այստեղ այցելուներին ծանոթացնում են, թե ինչ բույսեր են դեռևս հնուց օգտագործել տեղաբնակները, ինչպես  և ինչ նպատակներով: Այս վայրում նաև այցելուների համար կազմակերպվում է Այուր Վեդայի սեանս` բուժական մերսում, որը, ուշադրությո՛ւն, պետության նվերն է զբոսաշրջիկներին: Ու այդ նվերը պետությունը զբոսաշրջիկների «սիրուն աչքերի համար» չէ, որ անում է:

Հետաքրքվեցինք, թե որն է պատճառը, ու զարմացանք բացատրությունից. քանի որ աշխարհի տարբեր ծայրերում արդեն վաղուց տեղյակ են Շրի Լանկայի ազգային բուժական մերսման` Այուր Վեդայի մասին և կիրառում են, այդ սեանսների ընթացքում օգտագործվում են որոշակի նյութեր` քսանյութեր, բույսեր, բալզամներ և այլն: Ու պետությունը այդ մերսումը նվիրում է, որպեսզի եթե նախկինում տվյալ զբոսաշրջիկն անգամ չի օգտվել Այուր Վեդայից, իմանա, թե ինչ նյութերի կիրառմամբ են մերսումներն իրականացվում, որպեսզի հետագայում իրենց երկրներում Այուր Վեդայից օգտվելիս նախապատվությունը տան Շրի Լանկայի արտադրության միջոցներին: Հայաստանում այդպիսի «նվեր» կա՞ արդյոք. իհարկե ոչ:

Այնպես որ, Շրի Լանկայի պես  երկրում զբոսաշրջության բնագավառում շատ բան են հաշվի առել ու կիրառում: Իսկ Հայաստանում պարզապես գրում են թղթի վրա:

 

 

Դիտվել է 1811 անգամ:
Print Friendly

Leave a Reply