Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ կանխի հնարավոր պատերազմը

Հարցազրույց | | October 18, 2012 17:21

Ադրբեջանի և Հայաստանի առանց այն էլ լարված իրավիճում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի ներումն ու պարգևատրումը մեծ արձագանք գտավ, ինչը կարծես եկավ հաստատելու, որ Ադրբեջանն այլևս չի ցանկանում բանակցել Հայաստանի հետ: Եվ սկսեցին տարբեր շշուկներ տարածվել մոտալուտ պատերազմի մասին: Այդ ամենը պարզելու և ավելի լավ հասկանալու համար փորձեցինք զրուցել ամերիկացի դիվանագետ և միջազգային վերլուծաբան Մարկ Դիցենի հետ:

–        Պրն Մարկ, Թուրքիային և Ադրբեջանին կարելի՞ է համարել դաշնակիցներ:

– Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական տարբերություններին, վերջերս դրանք ավելի շատ համագործակցում են, քան հակամարտում: Այո, երկու պետություններն էլ ունեն քաղաքակական բավականին մտերիմ հարաբերություններ, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում` հիմնվելով միևնույն շահերի վրա:

Որո՞նք են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:

– Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները կառուցված են փոխադարձ վստահության վրա, ինչը պարզ երևում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կոնֆլիկտը դիտարկելիս: Թուրքիային և Ադրբեջանին կապում են նախ և առաջ տնտեսական (էներգետիկան, գազը, նավթամուղները, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի և Եվրոպայի միջով), այնուհետև` քաղաքական շահերը: Օրինակ՝ Թուրքիան Ադրբեջանին աջակցում է ԼՂՀ-ի հակամարտության «տարածքում» մնալու համար:

–  Մի՞թե Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցող կապերն այնքան ամուր են, որ երբևէ չեն խզվի:

– Նույնիսկ եթե այդ պետությունների քաղաքական հարաբերություններն ամուր հիմքի վրա են դրված, դրանց խզումը չի բացառվում: Օրինակ` այսօր Թուրքիան բոլորովին էլ ուրախ չէ Ռ. Սաֆարովի դեպքի կապակցությամբ: Դա արդեն Ադրբեջանի համար վատ է:

–        Թուրքիայի և Ադրբեջանի հիմնահարցերը (Հայոց ցեղասպանությունը և Արցախյան կոնֆլիկտը) փոխկապակցվա՞ծ են:

– Թուրքիան Արցախյան հարցն օգտագործում է Հայոց ցեղասպանության հիմնախնդրից խուսափելու համար, իսկ Ադրբեջանը ԼՂՀ-ի հիմնախնդրից օգտվում է՝ միջազգային համայնքի ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումից շեղելու նպատակով: Իրականությունն այն է, որ Ադրբեջանը միջամտում է և կապ ունի Հայոց ցեղասպանության հիմնախնդրի հետ, քանի որ այդտեղ գլխավոր մասնակիցը հենց Թուրքիան է:

–        Հայաստանի կողմից ԼՂՀի անկախությունը ճանաչելու դեպքում հնարավո՞ր է` կրկին պատերազմ սկսվի:

– Եթե Հայաստանն առաջինը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, Ադրբեջանը կօգտվի այդ հանգամանքից և պատերազմ կսկսի, մի բան, որին Ադրբեջանը երկար է սպասել: Սակայն այդ պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, ո՛չ էլ Ադրբեջանին:

–        Ադրբեջանի հետ պատերազմից ո՞ր պետությունները կարող են տուժել:

– Պատերազմն անկանխատեսելի է, և դժվար է ասել, թե որ երկրները կարող են վնաս կրել ու որքան: Յուրաքանչյուր երկիր տնտեսապես կապված է մեկ այլ երկրի հետ, ուստի պատերազմի բռնկման դեպքում մեկ պետության խնդիրն անկասկած կտարածվի նաև մյուսների վրա: Կտուժեն հատկապես պատերազմող երկրի հարևան պետություններն ու տարածքները: Օրինակ` Վրաստանը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես կհայտնվի ծանր կացության մեջ: Այնուամենայնիվ, նա կփորձի լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Սակայն դեռ հայտնի չէ, թե Հայաստանն ինչքան աջակցություն կստանա Վրաստանի կողմից (թեպետ Իրանը կփորձի ինչ-որ կերպ օգնության ձեռք մեկնել Հայաստանին): Կտուժեն նաև Ադրբեջան-Իրան հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի տնտեսությունը, իսկ խողովակաշարերը պատերազմի առաջին զոհը կդառնան, քանի որ դրանք անցնում են տվյալ երկրների միջով:

 Ինչպե՞ս կարելի է կանխել հավանական պատերազմը:

– Այսօր ԼՂՀ-ի ազատությունն ու անկախությունը վտանգված է, այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է միջազգային աջակցություն որոնի` նախ և առաջ աշխատելով Մինսկի խմբի հետ, կենտրոնանալով նոր ծրագրի և ոչ՝ Մադրիդյան փասթաթղթի վրա (ըստ որի` Հայաստանը պետք է հրաժարվի բուֆերային գոտուց, փախստականները հետ վերադառնան և այլն), քանի որ վերջինն այլևս կորցրել է իր ուժը: ԼՂՀ-ի անկախությունը. ԼՂՀ-ն պետք է ճանաչվի որպես անկախ պետություն, և դա պետք է նախ անի ոչ թե Հայաստանը, այլ միջազգային հանրությունը (ինչպես Կոսովոն ճանաչվեց անկախ պետություն): Այսօր Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է շարունակել, սակայն այլ պայմաններով: Հայաստանն իրավունք ունի ավելի շատ պահանջել Ադրբեջանից, որովհետև ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը դիվանագիտական մեծ սխալ է թույլ տվել՝ մարդասպանին հերոսացնելով, ինչից Հայաստանը, իհարկե, կարող է օգտվել ավելի ուժեղ դիրքում հայտնվելու համար: Ուստի, եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է ապահովել սեփական երկրի կայունությունն ու հաջողությունը, պետք է աչալուրջ լինի և շարունակաբար աշխատի քաղաքական ու դիվանագիտական առումով, քանի որ այլևս սպասելու ժամանակ չկա:

 

Զրույցը վարեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ

Դիտվել է 2751 անգամ:
Print Friendly

Leave a Reply