Էլեկտրոնային փող, ինչքանո՞վ է այն մեզ անհրաժեշտ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 22, 2012 15:15

Կոմերցիայի բացակայության պատճառով համակարգը մեզանում դանդաղ է զարգանում

Էլեկտրոնային փող կարող են թողարկել վճարահաշվարկային կազմակերպությունները: Համակարգը գործում է նույն կանխավճարային սկզբունքով, այսինքն` օգտագործողը ինտերնետում մուտքագրում  է գումարը և ստանում համարժեք էլեկտրոնային փողի միավորներ: Էլեկտրոնային փողը կամ էլեկտրոնային կոմերցիան, ի տարբերություն համաշխարհային լայն տարածմանը, մեր երկրում դանդաղ է զարգանում: Եվրոպական երկրներում այս համակարգի միջոցով թողարկողները մեծ եկամուտներ են ստանում, քանի որ, որպես բիզնեսի տեսակ, այն բավական շահավետ է:

Էլեկտրոնային փողերի թողարկման դերը շատ կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում,  այն ստեղծում է նոր հնարավորություններ վիրտուալ համակարգում գնումներ կատարելու համար: Ինտերնետային ծավալների ավելացմանը զուգընթաց` մեծանում են նաև էլեկտրոնային փողերի թողարկման հնարավորությունները:

Այսօր էլեկտրոնային փողերով հնարավոր է ավիատոմս ձեռք բերել և վիրտուալ տարբերակով նախապես պատվիրել այն` վճարում կատարելով առցանց: MasterCard Standard վճարային քարտի միջոցով այժմ քաղաքացիները հնարավորություն ունեն կանխիկացնելու էլեկտրոնային դրամական միավորները և իրականացնելու անկանխիկ վճարումներ: Կատարելով վճարումներ էլեկտրոնային եղանակով` հաճախորդները տնտեսում են ժամանակը:

ՀՀ Կենտրոնական բանկն ընդունել է էլեկտրոնային փողերի թողարկումը կարգավորող կանոնակարգեր, որոնք որքան  ողջունելի, նույնքան էլ վիճահարույց են:

Idram վճարահաշվարկային ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը պարզաբանում է, որ էլեկտրոնային փողերի թողարկման դանդաղ զարգացման պատճառները մի քանիսն են, որոնցից մեկը, օրինակ, հայկական բանկերում միջազգային քարտերով ինտերնետ վճարումներ ընդունելու լիցենզիաների բացակայությունն է: Նա մատնանշում է նաև կոմպյուտերիզացման, ինտերնետի տարածման ցածր մակարդակն ու պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության անբավարար մակարդակը: Կարևոր է նաև բիզնեսի ճիշտ կազմակերպումը: Փաստ է, որ հայաստանյան խոշորագույն առևտրային ցանցերը հիմնականում հեռու են ինտերնետով առևտուր անելուց:

Էլեկտրոնային փողերի բիզնես միջավայրը դժվար է ձևավորվում, քանի որ մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողները դժվարությամբ են պատկերացնում, որ մեկ վեբկայքի միջոցով կարող է առաքման ծառայություն իրականացնել: Շուկայում ներգրավված փորձագետների դիտարկմամբ` ոլորտի զարգացումը խոչընդոտում են նաև պետության շուկայի մասնակիցների թյուր ըմբռնումները էլեկտրոնային առևտրաշրջանառության հարկման բնագավառում:

«Էլեկտրոնային առևտուրը բավական թույլ է զարգացած էլեկտրոնային կոմերցիայի բացակայության պատճառով: Շատ խանութներ չգիտեն` ինչպես կազմակերպել ինտերնետ առևտուրը: Որոշ առևտրային կետեր էլ հետաքրքրված են այս մեխանիզմով և տալիս են համապատասխան տեղեկություններ, բայց դա բավական չէ: Նրանք պետք է հասկանան այդ համակարգից իրենց ունեցած շահն ու օգուտը: Առևտրային ցանցերի մեծ մասն առհասարակ հեռու է ինտերնետային գաղափարից: Մինչդեռ տարածաշրջանում Հայաստանը միակն է, որն ունի այս համակարգը, և ուզում ենք այն զարգացնել: Տեղեկացվածության մակարդակն է ցածր,  ուստի մեր կազմակերպած ֆորումների ժամանակ փորձում ենք հանրությանը իրազեկել այդ համակարգի ներդրման, կարևորության և կիրառման ձևերի մասին»,- նշեց տիկին Ստեփանյանը:

Ըստ նրա` զեղծարարության հավանականությունը  կանխիկ վճարման պարագայում ավելի մեծ է, քան ինտերնետ միջավայրում, քանի որ յուրաքանչյուր գործողություն ամեն վայրկյան գրանցվում է: «2004-ից չի պատահել մի դեպք, որ  մեր համակարգը կոտրվի և գումարներ կորչեն».- հավաստիացնում է Idram-ի տնօրենը: Նրա դիտարկմամբ` Էլեկտրոնային փողերի գործածման միջոցով կմեծանան վիրտուալ գնումների առավելություններն ու հնարավորությունները:

Էլեկտրոնային փողեր այսօր կարող են թողարկել բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները: Սա նոր զարգացող ոլորտ է և դեռ տարիներ են պետք, որ համակարգը շահութաբեր լինի: Ուստի դա է  պատճառը, որ նույն կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում այդ գումարները ներդնել բիզնեսի մեջ մինչև ոլորտի հետագա զարգացումը: «Անհրաժշտ կանոնակարգերը կան, և մեր կազմակերպությունը թողարկում է էլեկտրոնային փող` փորձելով հաղթահարել ոլորտում առկա խնդիրները»:

Նշենք, որ էլեկտրոնային փողերի համակարգում որպես նորամուծություն Idram վճարային համակարգը ներդրել է բջջային դրամապանակի ծառայությունը, որն այս ամսվանից գործարկվում է: Բջջային դրամապանակը հնարավորություն է տալիս կատարելու վճարումներ բջջային հեռախոսով: Գրանցվելով  Idram  համակարգում` հաճախորդները մի քանի վայրկյանում հնարավորություն են ստանում մարելու կոմունալ վճարումները, կատարելու դրամական փոխանցումներ, վճարելու հարկերն ու տուրքերը, ինտերնետային  առևտուր անելու, ինչպես նաև օգտվելու համակարգի ընձեռած բոլոր այլ ծառայություններից:

Ընկերության աշխատակիցները հստակ չեն նախանշում, թե մեր երկրում այդ համակարգից բջջային հեռախոս օգտագործողների քանի տոկոսը կօգտվի: Սակայն որոշ հաշվարկների համաձայն` մեր երկրում ընդամենը 2 տոկոսն ունի iPhone հեռախոս, իսկի մոտ   20 տոկոսն օգտագործում է iPhone և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Idram հավելվածը:

Ի դեպ, բջջային դրամապանակի այս ծառայությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Ըստ կանխատեսումների` առաջիկայում կմեծանա այդ համակարգից օգտվողների թիվը: Քանի որ բնակչության մեծամասնությունն արդեն բջջային հեռախոս ունի, դրա միջոցով մատուցվող ծառայությունները շատ ավելի արագ կզարգանան, և մարդիկ ավելի շուտ կընտելանան բոլոր գործողություններին:

Նշենք նաև, որ բջջային դրամապանակի շնորհիվ ցանկացած մարդ ուզած ժամին և ուզած վայրում կարող է առևտուր և տարբեր գործարքներ իրականացնել:

 Լ.Ն

 

Դիտվել է 3855 անգամ:
Print Friendly

Leave a Reply