Մեզանում պակասում է գինի խմելու մշակույթը: Արտադրության ի՞նչ ծավալներ ունենք այսօր

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 23, 2012 7:10

Հայաստանն աշխարհում հայտնի է  որպես հնագույն գինեգործության կենտրոն, որ մոտ 6 հազար տարվա պատմություն ունի: Մեր երկրի տարածքում այսօր խաղողի մոտ 500 տեղական սորտ կա, իսկ գինեգործության ոլորտում ներգրավված է շուրջ 20 ընկերություն: Գինեգործության ոլորտում  հայտնվել են ևս երկու նոր ընկերություններ` «Արմենիան» և «Տեռռաս Արմենիան». ևս մեկը` «Գոլդեն Գրեյփ ԱռմԱսը», գործելու է առաջիկայում:

Սակայն Հայաստանը դեռևս թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում հայկական գինու ներկայացման, արտադրության ծավալների մեծացման և արտահանման խթանման խնդիր ունի: Մեր երկրում կազմակերպվող ամենամյա փառատոները նպատակ ունեն խթանել արտաքին շուկաներում  հայկական գինու սպառումը:

Օրեր առաջ Վայոց ձորի Արենի համայնքում կայացավ ամենամյա «Արենի» գինու փառատոնը,  որը կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ: Այս փառատոնի կազմակերպման նպատակն է գյուղական տուրիզմի, մասնավորապես` Արենու համայնքի և տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման խթանումը: Փառատոնն անցկացվել է մեծ շուքով, հանդիսավոր արարողությանը հաջորդել է գինեգործական ընկերությունների տոնական շքերթը, գործարանային  և տնային արտադրության գինիների և պանիրների ցուցահանդես վաճառքը և գորգերի ցուցահանդեսը: Փառատոնն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, խաղերով և թատերական բեմադրություններով: Կազմակերպվել են նաև տարբեր մրցույթներ, և մրցանակներ են հանձնվել: Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել օտարերկրյա հյուրեր և գինեգործներ:

Այս տարի բացառվել էր պլաստմասսայից տարաների գործածությունը, կիրառության մեջ էին դրվել կավե և շշե տարաներ ու գավաթներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել թե՛ սպառողների և թե՛ գինեգործների շրջանում:

Գինու փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի կարծիքով` անհնար է զարգացնել զբոսաշրջությունը` առանց գինեգործության ճյուղի խթանման: Հրավիրված օտարերկրյա մասնագետների օգնությամբ հայկական ռեստորաններում դասընթացներ են անցկացվում գինու ճիշտ մատուցման մշակույթի ուղղությամբ: Ըստ նրա` որքան շատ իրացվի տեղական գինին, այնքան կավելանան  գինեգործության  ծավալները: Իսկ տնական գինեգործությանը զարկ տալու համար պետք է որակական աճ ապահովել:

Փառատոնի շրջանակներում Հայաստան էին այցելել նաև Իտալիայի սոմելիեների, հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի անդամ, 2012-ին ֆեդերացիայի կողմից լավագույն սոմելիե ճանաչված Լուկա Կանապկին  և Ֆրանսիայում 2008 «Gault Milau» պարբերականի կողմից տարվա լավագույն սոմելիե ճանաչված, նախորդ տարվա փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ, մեր հայրենակից Սերժ Ղուկասյանը: Հայտնելով իրենց տպավորությունները փառատոնի կազմակերպման և առհասարակ հայկական գինու որակական ցուցանիշների վերաբերյալ` օտարեկրյա հյուրերն ասացին, որ հայկական գինին մեծ սպառում ունի եվրոպական շուկայում և ցանկացած զբոսաշրջիկի ամենասիրելի նվերն է:

Մեր հայրենակից Սերժ Ղուկասյանի կարծիքով` տարեցտարի բարելավվում է հայկական գինու որակը, որի շնորհիվ այն մեծ սպառում ունի Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ պետություններում: Հայկական գինին, ըստ նրա, աչքի է ընկնում իր որակական ցուցանիշներով և մրցունակ է, պարզապես սպառման շուկաներն է պետք ընդլայնել: Իսկ իտալացի սոմելիե Լուկա Կանապկիին, որ առաջին անգամ էր հայկական գինի համտեսում, տպավորված էր գինու համային առանձնահատկությամբ: Նրա գնահատմամբ` Հայաստանի գինեգործությունը դանդաղ և հստակ քայլերով առաջ է գնում: Հայաստանը թե՛ գինու, թե՛ ուտեստների և թե՛ զբոսաշրջության ոլորտներում մեծ ներուժ ունի: Իսկ ամենակարևոր հատկանիշը, ըստ նրա, Արենի քարանձավն է` որպես ամենահնագույն գինեգործության վայր: Օտարերկյա սոմելիեն հավելեց նաև, որ Հայաստանում արտադրվում է շատ համեղ խաղող, և գինու որակն էլ ավելի բարելավելու համար մեզ մի փոքր պակասում են փորձն ու տեխնոլոգիական հնարավորությունները:

Ոլորտի, մասնագետների գնահատմամբ, վերջին տարիներին գինեգործության արտադրության ծավալների աճ է արձանագրվել: Միայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալների համաձայն` գինեգործության ոլորտում 1,67 մլրդ դրամի արտադրանք է տրվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով մոտ  11, 7 տոկոսի աճ: Ամեն տարի այս ոլորտում արձանագրվում է   20 տոկոսի աճ:

Ըստ մշակված ռազմավարության` մինչև 2020 թ. նախատեսվում է  ներքին սպառման և արտահանման ծավալների աճի հաշվին աստիճանաբար եռապատկել արտադրության և արտահանման ծավալները:

Վերջին տարիներին կատարվում են խոշոր ներդրումներ, հատկապես` նոր, առաջատար տեխնոլոգիաների ձեռքբերման  և արտադրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ: Գինեգործական ընկերություններին հատկացվում է պետական աջակցություն: Կառավարությունն արդյունաբերության քաղաքականության ռազմավարության գերակա 12 ոլորտների շարքում ընգրկել է նաև գինեգործության ճյուղը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ, մշակվել և ներկայումս շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում է գինեգործության ոլորտի ռազմավարությունն ու դրա իրականացման գործողությունների ծրագիրը:  Ռազմավարությունն ուղղվելու է այն խնդիրների լուծմանը, որոնք վերաբերում են բարձրորակ և մրցունակ արտադրությանը և իրացման ծավալների աճին: Բացի այդ, խնդիր է դրված նպաստել հումքային բազայի ստեղծմանը, կարողությունների զարգացմանը և ֆինանսական աջակցությանը մատչելի վարկերի տրամադրման միջոցով: Ընդհանուր առմամբ պետական աջակցությունը դրսևորվելու է նաև ներդրումներով:

Գինու արտադրության ոլորտում այս տարի նախատեսվում է իրականացնել  մոտ 8 մլրդ դրամի ներդրում: Պետական աջակցություն է ցույց տրվել արդեն երկու նորաստեղծ գինեգործական ընկերություններին` «Արմենիային» և «Տեռռաս Արմենիային», շուտով կստեղծվի նաև «Գոլդեն Գրեյփ ԱռմԱս» գինեգործական ընկերությունը, որի ներդրումային ծրագրի շրջանակներում կտրամադրվեն ԱԱՀ-ի հետաձգման արտոնություններ:

Օտարերկրյա գինեգործները հարկ համարեցին նշել նաև, որ մեր երկրում պակասում է գինի խմելու մշակույթը. հայերն ավելի շատ նախապատվություն են տալիս օղուն և գարեջրին, և նման փառատոները կխթանեն նաև գինու սպառումը:

Լ.Ն

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply