2013-ի բյուջեն կազմելիս գիտության մասին էլի մոռացել են

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 19, 2012 12:05

Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական բոլոր ուժերը խոստանում էին ավելացնել գիտության ֆինանսավորումը, սակայն 2013-ի բյուջեի նախագծում գիտությանը հատկացրել են անգամ օրենքով սահմանվածից քիչ գումար:

Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովում կսկսվեն 2013-ի բյուջեի նախագծի քննարկումները, որը կառավարությունը հավանության է արժանացրել սեպտեմբերի 27-ի նիստում: Ըստ այդ նախագծի` հաջորդ տարի գիտությանը հատկացվելու է 11 մլրդ դրամ` 10 տոկոսով ավելի, քան 2012-ին:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ «գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ»:

Ըստ քննարկման ներկայացված նախագծի` հաջորդ տարի բյուջեի եկամուտները նախատեսվում է ավելացնել 13 տոկոսով:

Ստացվում է, որ գիտության ոլորտի ֆինանսավորումը ոչ միայն կտրուկ չի ավելացել, ինչպես խոստանում էին քաղաքական ուժերը, այլև օրենքով սահմանվածից 3 տոկոս էլ պակաս է հատկացվելու:

Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում (ՊԳՖԱ) նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ պետական այրերի կողմից գիտության նկատմամբ մոռացկոտություն ցուցաբերելն արդեն ավանդույթի է վերածվել. «Միշտ մոռանում են այն, ինչ վերաբերում է գիտությանը: Դա տիպիկ երևույթ է անընդհատ հնչեցվող բարձրագոչ բառերի ֆոնի վրա: Մի անգամ չեղավ, որ մոռանային ու ավելի գումար տային»:

Ըստ ՊԳՖԱ ներկայացուցիչների, եթե անգամ ԱԺ քննարկումներում օրենքի խախտումը վերացվի և գիտության ֆինանսավորումն ավելանա ևս 3 տոկոսով, դա որևէ լուրջ փոփոխություն չի լինի. «Նման փոփոխությունն առ ոչինչ է: Լուրջ փոփոխություններ կլինեն, երբ կրկնապատկվի կամ գոնե 1,5 անգամ ավելանա գիտության ֆինանսավորումը: Գիտությունից խոսող ազգը դատապարտված է, եթե գիտության համար անհրաժեշտ հավելյալ գումարը չի կարողանում գտնել»:

Գիտության նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը, ՊԳՖԱ ներկայացուցիչների համոզմամբ,  գիտությունն իրականում չկարևորելն է:

Գիտության պետական կոմիտեում  (ԳՊԿ) գիտությանը հատկացվող ֆինանսավորման առումով դժգոհություններ չեղան: «Անկախի» հարցմանն ի պատասխան` ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ գումարները ծախսվելու են մի շարք ուղղություններով. 10 տոկոսով կբարձրացվեն աշխատավարձերը, առաջին անգամ կներդրվի «100 առավել ակտիվ աշխատող գիտնականների» համակարգը, ուշադրություն է դարձվելու երիտասարդ գիտնականների աջակցությանն ուղղված ծրագրերին և այլն:

«Բյուջեի այս փոքր ավելացման պայմաններում էլ Գիտության պետական կոմիտեի ծրագրերը բազմապիսի են և հեռանկարային:  Կուզեի նշել, որ ոլորտում կան կետեր, որոնք նույնպես ունեն ներդրումների կարիք, և լրացուցիչ գումարների դեպքում կլուծվեին նաև այդ խնդիրները,- նշեց Հարությունյանը:- Օրինակ` եթե քննարկումների արդյունքում գիտությանը հատկացվող գումարներն ավելացվեն ևս 1 մլրդ դրամով, ապա հնարավոր կլինի  գրեթե կրկնապատկել գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների չափերը»:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ծրագրում գիտության վերաբերյալ ամրագրված է. «Բուհերում ուժեղացնելու ենք գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելու ենք գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն ենք դարձնելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»:

Կոալիցիայում ընդգրկված ՕԵԿ-ն էլ, ըստ նախընտրական ծրագրի, մտադիր էր «ընդունել գիտության զարգացման ռազմավարություն, իրականացնել գիտության ֆինանսավորման արդյունավետ քաղաքականություն»:

Մյուս քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ավելի տպավորիչ դրույթներ էին ընդգրկել` խոստանալով կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը:

Նման դրույթներ իրենց ծրագրերում ունեն նաև մեծամասնական ընտրակարգով ընտրված մի շարք պատգամավորներ:

Նշենք, որ ըստ միջազգային չափանիշների` գիտության զարգացման համար հարկավոր է ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով ֆինանսավորում հատկացնել: Մինչդեռ Հայաստանում գիտության ֆինանսավորումն անգամ ՀՆԱ-ի 1 տոկոսը չի կազմում:

Դիտվել է 2254 անգամ:
Print Friendly

Leave a Reply