Օծանելիք և առողջություն, ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռիսկերը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 21, 2012 7:02

Երազանքով տարված` հաճախ մոռանում ենք դրա կառուցվածքի մասին, մոռանում, օրինակ, մեզ դուր եկած օծանելիքի քիմիական  բաղադրության, համադրությունների մասին, որոնք էլ տվյալ բույրը դարձնում են անկրկնելի, զգլխիչ:  Գուցե  զարմանալի ու անհեթեթ հնչի, սակայն մեծ տարածում գտած ու սիրված բույրերն առողջական տեսանկյունից որոշակի ռիսկեր են պարունակում:

Ալերգիաներ. քանի որ օծանելիքների մեջ կիրառվում են քիմիական բաղադրիչներ, ապա դրանք կարող են  մաշկի քիմիական կամ ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչպիսիք են` ցանը, եղնջատենդը, դերմատիտն ու էկզեման: Այդ նպատակով խորհուրդ է տրվում մինչ օգտագործելը ստուգել մաշկի հետ դրանց համատեղելիությունը: Այդ նպատակով դաստակի ներսի կողմից մեկ կաթիլ կաթեցրեք ու սպասեք (մեկ օրից ոչ պակաս) արձագանքին: Եթե փորձարկվող հատվածում ցան կամ ալերգիկ այլ  երևույթներ առաջանան, ապա պարզապես մի օգտագործեք այն: Եթե ալերգիան ծանր ընթացք է ստանում, ապա անպայման  դիմեք մասնագետի օգնությանը: Իսկ եթե ոչ մի հակազդեցություն չկա, ապա հանգիստ կարող եք վայելել ձեր ընտրած բույրը:

Շրջակա միջավայրի հետ կապված հիվանդություններ

Վերջերս խոսում են էկոլոգիական բնույթի  հիվանդությունների ու օծանելիքի օգտագործման  կապի մասին: Շատերը համոզված են, որ բույրը շնչելը (ավելի ճիշտ` դրանց մեջ առկա վտանգավոր բաղադրիչները) բացասաբար է անդրադառնում իրենց առողջության վրա: Այդ հարցի ուսումնասիրությանը բազմաթիվ կլինիկական ուսումնասիրություններ են նվիրվել, այդուհանդերձ  չեն նվազում յուրաքանչյուր օր նմանատիպ բորբոքումներով բժշկին այցելությունները:

Թվում է, թե հաճելի բույրն ինքնին  դրական երևույթ է  ու միայն կարող է բարերար ազդեցություն ունենալ, սակայն շատ բույրերում իսկապես էլ թունավոր  բաղադրիչներ կան: Ժամանակակից կոսմետիկ միջոցներում կիրառվում են սինթետիկ քիմիական նյութեր, որոնք ստացվում են ածխաքարի ու բենզինի վերամշակումից, ահա օծանելիք օգտագործելիս  այդ նյութերն են օծանելիքի հետ հայտնվում մաշկին, գոլորշիանալով հայտնվում են օդում և շրջապատողների ալերգիաների պատճառ դառնում, որոնք դրսևորվում են  փռշտոցով, հազով, արցունքով,  հևոցով, գլխացավով, գլխապտույտով և սրտխառնոցով:

Վիճակագրության համաձայն` մոլորակի  բնակչության 20-30%-ը տառապում է  այդ սինթետիկ նյութերից առաջացող ալերգիաներից: Սակայն նրանց մեծ մասն այդպես էլ երբեք բժշկի չի դիմում, քանի որ չի հասկանում, թե ինչ է այդ ու չի գիտակցում, որ դա հիվանդություն է:

Ինչպե՞ս կարելի է  նվազեցնել վտանգները

Լրիվ խուսափել վտանգներից անհնար է, քանի որ դրանք շատ տարածված են: Սակայն կարելի է խուսափել մարդկային կուտակումներում երկար գտնվելուց: Այսպես, սահմանափակել հասարակական վայրերում գտնվելու ժամանակը: Միայն  թեստավորումից հետո, եթե ցանկությունը շատ մեծ է, օգտագործել  այս կամ այն  օծանելիքը (ասվածը վերաբերում է միայն ալերգիկներին): Իսկ նրանք, ովքեր առաջներում նման խնդիրներ չեն ունեցել, պարզապես պետք է հիշեն հավանական հետևանքների մասին ու չմոռանան, որ  հավանած բույրը կարող է  շրջապատողների ալերգիայի պատճառ դառնալ:

Իսկ ինչպե՞ս պետք է ընտրել օծանելիքը

Ի դեպ, լավ օծանելիքը, ավելի ստույգ` ճիշտ ընտրված բույրը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և հակառակը` կարող է արժեզրկել ցանկացած մարդու: Իսկ օծանելիք սիրողները գիտեն, որ ցանկացած բույր այն «կրելու» ընթացքում է բացվում:  Նույն օծանելիքը տարբեր «հնչողություն» է ունենում տարբեր մարդկանց վրա: Եվ դա լոկ խոսք չէ: Նորություն չէ, որ յուրաքանչյուր մարդ իր հոտն ունի,  թեթև, սակայն  առանձնահատուկ: Ֆրանսիացի պարֆյումերներն ասում են, որ պետք է«քնել» բույրի հետ, որ հասկանաս` քոնն է այն, թե ոչ:

Բանն այն է, որ յուրաքանչյուր որակյալ բույր իր նոտաներն ունի, այստեղից էլ` օծանելիքի «հնչողություն» արտահայտությունը:  Պարֆյումերային կոմպոզիցիան բաղկացած է 3 նոտայից` նախնական, սրտի ու եզրափակիչ: Ու եթե նախնականը զգում ենք անմիջապես մաշկի հետ շփումից հետո, ապա եզրափակիչ կամ ավարտական նոտան մի քանի ժամից է «հնչում»: Ու  ոչ ոք չի կարող վստահորեն ասել` դուր կգա այն իրեն, թե ոչ:

Օծանելիքի հետ ծանոթության առաջին րոպեներին մենք «հանդիպում» ենք առաջին` սկզբնական նոտաներին. եթերներն իսկույն գոլորշիանում են ու բացում սրտի նոտայի ճանապարհը: Եվ  միայն 10-12 ժամ հետո է, որ բացվում է ողջ ծաղկեփունջը, այսինքն` զգում ենք բոլոր ու վերջնական նոտաները: Դա է պատճառը, որ հաճախ  ընտրված օծանելիքը տարօրինակ կերպով չենք հավանում կամ հակառակը` զարմանում ենք, որ չենք հավանել: Միանգամից երբեք բոլոր նոտաները չեն բացվում, դրա համար ժամանակ է հարկավոր:

Հայտնի փաստ է, որ բույրը կարող է տրամադրություն փոխել. հին ժամանակներում այն օգտագործվել է զանազան հիվանդությունների դեպքում,  որպես դեղամիջոց: Հիմնականում կիրառվել է գլխացավի ու նյարդերը հանգստացնելու դեմ:

Դիտվել է 2165 անգամ:
Print Friendly

Leave a Reply