«Երևանը գեղեցիկ է, բայց մեր երկիրը Սիրիան է». սիրիահայեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 22, 2012 7:00

Վերջին ամիսներին հարյուրավոր սիրիահայերի մուտքը Հայաստան նոր երանգ մտցրեց հայ իրականության մեջ: Չհաշված բնակարանները վարձով տվող որոշ առևտրականների, որոնց համար սիրիահայ «եղբայրների» հաշվին մի քիչ ավելի հարստանալու հիանալի առիթ ստեղծվեց,  ընդհանուր առմամբ հայ հասարակությունը` պետական մակարդակով, բավականին համարժեք արձագանքեց սիրահայության խնդիրներին:

Օրեր առաջ Երևանի թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար բացվեց Կիլիկյան վարժարանը, որտեղ ուսուցումն արաբերեն է` սիրիական կրթական ծրագրերով, ուսուցիչներն էլ սիրիահայեր են: Մի երկու ժամ դպրոցում անցկացնելուց, տնօրենի, ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ սիրիահայերի մի մասը շատ գոհ է Հայաստանից, մի մասը` շատ դժգոհ, բայց երկու կողմի մեծագույն ցանկությունը մեկն է` որքան հնարավոր է շուտ վերադառնալ Սիրիա:

Վարժարանի տնօրենը` Նորա Փիլիպոսյանը, ասաց, որ այս պահին դպրոցում շուրջ 250 աշակերտ է սովորում: Վարժարանը նաև ուսուցիչներով է ապահովված` մոտ 15 սիրիահայ մանկավարժ: Կամաց-կամաց լուծվում է նաև դասագրքերի հարցը. բնօրինակը բերվում է Սիրիայից, Հայաստանում բազմացվում: Ճիշտ է` բազմացվող օրինակներն անգույն են և մի քիչ մռայլ, սակայն առայժմ այլ տարբերակ չկա: «Խնդիրներ չունենք, բոլոր հարցերը լուծվում են, մեզ բոլորն օգտակար են լինում,-ասում է տնօրենն ու հավելում,- բայց հույս ունենք, որ այս դպրոցը ժամանակավոր է, և շուտով ետ պիտի վերադառնանք»:

Կիլիկյան վարժարանն իննամյա է: Ավագ դպրոցի աշակերտները ստիպված են տեղավորվել Երևանի ավագ դպրոցներում կամ քոլեջներում, որտեղ, սակայն, շատերը լեզվական և ծրագրային տարբերությունների պատճառով բազմաթիվ դժվարություններ են ունենում:

«Սիրիան մեզի համար ավելի լավն է». Կիլիկյան վարժարանի աշակերտները կարոտում են ծննդավայրը

Սիրիահայ աշակերտներից շատերը չափից դուրս զուսպ էին ու փակ, դժվարությամբ էին խոսում իրենց խնդիրների և զգացմունքների մասին: Բայց ավելի համարձակները, ի վերջո, անկեղծացան. «Հայաստանում մեզ դժվար կհասկնան, մենք դժվար կհասկնանք իրենց, ուրիշ տեսակ կխոսեն, ռուսերեն բառեր կսեն»,- ասում է Շողերը: «Հայաստանում մեզի վրա կծիծաղեն, ձեռ կառնեն, կըսեն` ձեր լեզուն ուրիշ է»,- ավելացնում է մեկ ուրիշը: «Ես իմ ընկերիս հետ արաբերեն կխոսիմ, կկարծեն, թե իրենց քյուֆուր տվեցինք, մեզ կծեծեն»,- բողոքում է 4-րդ դասարանցի Տիգրանը:

Եվ ահա, բոլորը միաբերան ասում են, որ Հայաստանում իրենց հիմնական խնդիրը լեզվական տարբերությունն է:

Երեխաները սիրում են Հայաստանը, գիտեն, որ այն նաև իրենց հայրենիքն է, սակայն իրենց երկիրը համարում են Սիրիան. «Երևանը գեղեցիկ է, բայց Սիրիան մեզի համար ավելի լավն է, ուզում ենք գնալ»:

Աշակերտներից մեկն էլ զարմանում է, որ ընդհանրապես կարելի է վերադարձի հարցը քննարկել. «Վերջիվերջո Սիրիան մեր երկիրն է, ինչպե՞ս չգնանք…»:

Երիտասարդ ուսուցչուհիներից մեկը` Մեղրիկ Ջաբաղչուրյանը, ասում է, որ երեխաներն այնքան են կարոտում Սիրիան, որ հաճախ Հայաստանի ամենալավ կողմերն էլ նրանց համար որևէ արժեք չունեն. «Պատկերացնո՞ւմ եք, երեխաներից մեկն ասում է` Հալեպի լայն, մաքուր փողոցներն եմ կարոտել, բայց հո գիտե՞նք, որ Հալեպում ո՛չ լայն փողոց կա, ո՛չ էլ ավելի մաքուր, քան Երևանում: Պարզապես երեխաները կարոտից ամեն ինչ զգայական այլ դաշտում են պատկերացնում»:

«Թողեցեքգացեք այս քաղաքեն, դուք զզվելի եք…». սիրիահայ կինը մինչև հոգու խորքը վիրավորված է

Ժամը 13:00 է: Ծնողները գալիս են երեխաներին տուն տանելու: Հակոբ Տոնապետյանի երկու որդին Կիլիկյան վարժարան են հաճախում. «Սկզբում շատ դժվար էր, երբ հայկական դպրոց էին գնում, իսկ այս դպրոցը շատ լավ է, սիրիական ծրագրով է, չէ՞ որ պիտի վերադառնանք Սիրիա»,- ասում նա:

Հակոբ Տոնապետյանը դեղագործ է: Հալեպում դեղատներ ունի: Ի դեպ, սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործական բաժնում: Սիրիայում վիճակը խառնվելուց հետո գործերը կիսատ է թողել և  ընտանիքի հետ եկել Հայաստան: Ապրում են վարձով` ամսական 120 հազար դրամով: Առայժմ ծախսերն անում են խնայողությունների հաշվին. «Ապրելակերպը Հայաստանում շատ դժվար է: Աշխատանք չկա, առօրյա ծախսերը շատ-շատ են,- դժգոհում է նա,- մենք այսօր Սիրիայում, որը պատերազմի մեջ է, 1 կգ հացը (մոտ 5 հատ), 65 դրամով ենք գնում: Պատկերացրեք տարբերությունը: Հայաստանի մեջ միայն էլեկտրականության համար 10 դոլար ենք վճարում, իսկ Սիրիայի մեջ բոլոր վճարները միասին են 10 դոլար: Ջուրն այստեղ ամիսը 8 դոլար է կազմում, իսկ Սիրիայի մեջ 2 ամիսը` 3 դոլար: Աշխատավարձերն էլ են Սիրիայում ավելի բարձր: Օրինակ` դասախոսը ստանում է 400-500 դոլար»:

Կիլիկյան վարժարանի տնօրեն Նորա Փիլիպոսյան

Օգտվելով առիթից` նա կոչ է անում իշխանություններին մտածել ժողովրդի մասին. «Ջուրը, որ փողոցներում թափվում ա, դորդուբեշ են ծախում, նույնն  էլ էլեկտրականությունը»,- զարմանում է նա:

Իսկ երբ զրուցակցիս ասացի, որ Հայաստանում այդ ամենը մասնավորի ձեռքում է, ավելի զարմացավ. «Իսկապե՞ս, բայց ինչո՞ւ պիտի մասնավորի ձեռքը լինի: Սիրայում նման բաները կառավարության ձեռքին են, կառավարությունը ժողովրդին պադերշկա է անում, կոպեկներ են…»:

Հակոբ Տոնապետյանը դժգոհ է նաև Հայաստանի պետական աշխատողներից. «Ժողովրդի մեջ համեստությունը բարձր է, բայց պետական աշխատողների 90 տոկոսն այդ համեստությունը չունի: Գնում ես, որևէ բան ես խնդրում, մի պատասխան տալիս է ու վերջ, իսկ երբ երկրորդ հարցն ես տալիս, արդեն…»:

Քանի որ Երևանում խնայողությունների հաշվին երկար դիմանալ չեն կարող, դեղագործը պատրաստվում է առաջիկա օրերին մեկնել Հալեպ և  գործը շարունակել: Չի վախենում, ասում է, որ քրիստոնեական շրջանները համեմատաբար ապահով են. «Ժամանակ առ ժամանակ կգամ, որպեսզի տեսնեմ ընտանիքս ինչ վիճակում է, մինչև տեսնենք ինչ կլինի»:

Սիրիահայ մի կին էլ, որը չցանկացավ ներկայանալ, շատ դժգոհ տոնով պատմեց, որ մինչ Կիլիկյան վարժարանը բացվելը իր որդուն տանում էր երևանյան դպրոցներից մեկը, որտեղ նրա հանդեպ խտրական վերաբերմունք էին դրսևորում. «Երեխան մի բանը չի հասկացել, երկրորդ անգամ չեն բացատրել, ասել են` դու սիրիացի ես, պետք չունիս, մի կողմ նստիր,- պատմում է նա,- երեկ էլ Էրեբունի-Երևան տոնակատարությանն էինք մասնակցում հրապարակում, մեկը մեզ հարցուց` Սիրիայի՞ց  եք, ըսինք` այո, ըսավ` թողեցեք-գացեք այս քաղաքեն, դուք զզվելի եք»:

Այս կնոջ կարծիքի կողքին չենք կարող չներկայացնել նաև մեկ այլ կնոջ կարծիք. «Շատ գոհ ենք բոլոր հայերուց: Ամեն տեղ` թե՛ դպրոցում, թե՛ հարևանության մեջ, թե՛ օտար մարդիկ մեզի շատ օգտակար եղան, որպեսզի որևէ դժվարություն չզգանք»:

«Ավելի լավ է Արցախին մեջ մեռնիմ, քան ընդդիմադիր և իշխանական արաբների»

Իմ զրուցակիցների մեջ երիտասարդ ուսուցչուհի Մեղրիկ Ջաբաղչուրյանը միակն էր, որ մտածում էր Հայաստանում հաստատվելու մասին: Նա մինչև սիրիական դեպքերը հաճախ էր Հայաստան այցելել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում: Նրա համար Հայաստանն օտար չէ, ինչպես մյուսների դեպքում: «Ես լրիվ ինտեգրված եմ Հայաստանի կյանքին,- ասում է նա,- կարծում եմ` սիրիահայերին պետք է օգնեն ինտեգրվել, և դա պետք է անեն սփյուռքի նախարարությունը, սփյուռքահայ կազմակերպությունները, Հայաստանում առավել ամրապնդված սիրիահայերը»:

Օրինակ` ինքը, որպես «ամրապնդված սիրիահայ», շատ բան է անում, որպեսզի իր հարազատներն ու ծանոթներն այլ աչքով նայեն Հայաստանին. «Ասում են` մեզանից ավելի շատ գումար ուզեցին, քան տեղացիներից: Ես էլ պատասխանում եմ` չի՞ պատահել, որ նման մի պրոբլեմի Սիրիայում էլ հանդիպեք: Այո, սա Հայաստանն է, ոչ թե Սիրիայի մի փոքր հայկական համայնքը, որտեղ բոլորին ճանաչում եք, բոլորը լավն են… Սա մի մեծ երկիր է, որտեղ և՛ լավը կա, և՛ վատը»:

Մեղրիկ Ջաբաղչուրյան

Ուսուցչուհին նաև Արցախում է եղել որպես կամավորական: Երբ ծանոթ-բարեկամներն իմացել են, որ Արցախ է գնում, ասել են. «Մեկ կապարից մյուս կապարի տա՞կ ես գնում»: Պատասխանել է. «Ավելի լավ է Արցախում մեռնիմ, գոնե կասեմ` իմ հայրենիքում մեռա, քան թե երկու կապարի մեջ` ընդդիմադիր և իշխանական արաբների»:

Մեղրիկը գիտի, որ սիրիահայերի խնդիրների մեծ մասը  հոգեբանական է. «Այո, դժվար է, բայց չէ՞ որ Հայաստանում հենց հայաստանցիների համար շատ խնդիրներ կան»:

Նա չի պատկերացնում, թե Սիրիա վերադառնալ ցանկացող սիրիահայերն ինչպես են ապրելու այնտեղ, եթե անգամ պատերազմն ավարտվի. «Ո՞վ կկարողանա այդ ավերակների մեջ ապրիլ, չգիտեմ: Քանի˜ տասնամյակ է պետք, որ այդ քանդվածը սարքվի»:

Համոզված է, որ շատերը Սիրիա գնալուց հետո կրկին կվերադառնան Հայաստան կամ էլ «կգնան Եվրոպա, Ամերիկա, Կանադա, կձուլվին- կվերջանան»:

Մեղրիկ Ջաբաղչուրյանին ամենից շատ մտահոգում է այն, որ Հայաստանը սիրիահայերի և ընդհանրապես սփյուռքահայերի համար դառնում է տարանցիկ երկիր. «Ուրախ կըլլամ, որ բոլոր հայերն էստեղ մնան: Մի սփյուռքեն ուրիշ սփյուռք փախնիլը սխալ է: Ասի բոլոր սփյուռքահայերուն պետք է դաս ըլլա, որ սփյուռքը վերջ չունի, ի վերջո, դուն պետք է տեղ մը երթաս, որ վստահ ըլլաս` օր մը չես վռնդվիլ: Եթե ասկե 2 տարի առաջ մեզի ըսեին, որ Սիրիայում էսպիսի մի օր պիտի գա, մենք կըսեինք` անկարելի է, բայց ստացվեց…»:

Դիտվել է 1761 անգամ:
Print Friendly

Leave a Reply