Էթիկայի կանոններ. քլնգո՞ց, թե՞ քննադատություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 18, 2012 16:51

Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է

Մամուլ կամ լրագրություն ասելով  շատերն անմիջապես հասկանում են քննադատություն, քննադատություն ու էլի քննադատություն, որը ժամանակակից լրագրողական բառապաշարում փոխարինվել է «քլնգոց» եզրով: Սակայն ակադեմիական ձեռնարկներում ասվում է, որ լրագրությունը հասարակությանը իրազեկելն է այս կամ դեպքի, երևույթի, անձի կամ իրադարձության վերաբերյալ, որն իր մեջ կարող է պարունակել նաև քննադատություն, երբեմն` սուր և կծու քննադատություն, երբեմն հեգնանք կամ ծաղր, բայց այդ ամենը` չափի մեջ, ասել է թե` էթիկայի կանոնների շրջանակում:

Ցավոք, այսօր շատերը կիլոմետրերով հեռու են լրագրողական էթիկայի կանոններից, դրա հետևանքով էլ լրագրողի աշխատանքը  հակասական գնահատականներ է ստանում հասարակության կողմից:

Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցում (այստեղ, ի դեպ, լրագրողական ու, առհասարակ, տարրական էթիկայի կանոններն ամենից հաճախ են խախտվում) բավականին մեծ աղմուկ բարձրացրեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կողմից «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հասցեին արված «խիստ մասնագիտական կոմպլիմենտի» հրապարակումը: Դրանից մի քանի օր հետո` հենց Հայ մամուլի օրը, Արմինեն մամլո ասուլիս տվեց: Խոսելով լրագրողական էթիկայի մասին` նա հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Մեր երկրում էնքան շատ բան իր տեղում չի, որ էթիկայի մասին էդքան շատ խոսելը ես ուղղակի համարում եմ անբարոյականություն:  Մամուլը պետք է էթիկայի հետևից չընկնի: Չի կարելի էթիկայով առաջնորդվել: Էթիկայի մասին մենք կխոսենք 10 տարի անց, երբ որ էս երկիրը կլինի կայացած»:

Այս հարցերի շուրջ «Անկախը» զրուցեց նաև ընդամենը մի քանի օր առաջ նույն այդ լրագրողական էթիկայի կանոնների անտեսման զոհ դարձած երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ: Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր անխնա քննադատել էին պատգամավորուհուն իր քաղաքական հայացքների համար, որոշ դեպքերում` անձնական վիրավորանքի հասնող և հակաէթիկական:

Այս մասին Նաիրա Կարապետյանը խոսեց փոքի-ինչ վիրավորված, բայց հանդուրժողի դիրքերից. «Ես ունեմ սկզբունք՝ լինել առավելագույնս ազնիվ լրագրողների հետ՝ բարձր գնահատելով և հարգելով նրանց աշխատանքը: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ այս կամ այն լրատվամիջոցի ներկայացուցիչը անհարգալից է վերաբերվում իր գործընկերներին` անընդմեջ կրկնելով նույն հարցը՝ ասուլիսը վերածելով երկխոսության: Ես ցանկանում եմ տարբերակել լրագրող և լրատվամիջոցում աշխատող հասկացությունները: Համոզված եմ, որ լրագրողները նույնպես հետաքրքրված են դաշտում էթիկայի նորմերի սահմանման և կանոնների հստակեցման հարցում, քանի որ նրանք էլ բազմիցս հանդիպում են դժվարությունների հարցուպատասխանի կամ հարցազրույցի ժամանակ: Մի հորդոր կուղղեի բոլորին. մեկ-երկու անզուսպ և նեղ շահադիտական, անձնական հետաքրքրվածության և, ինչու ոչ, քաղաքական պատվերներ կատարողների պատճառով ընդհանուր կարծիք չձևավորել լրատվական համակարգի մասին»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ իր բազմամյա փորձով փաստեց, որ այսօր լրագրողական էթիկայի կանոնները հաճախակի են խախտվում և տարբեր ասպեկտներով: «Շատ քիչ են պահպանվում, խախտվում են մեկնաբանությունը լուրից տարանջատելու, երկրորդ կողմին լսելու, լուրը ճշտելու, անձնական կյանքին չմիջամտելու սկզբունքները: Պակասում է պրոֆեսիոնալիզմը»:

«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, կրկին փորձառու լրագրող Արմեն Դուլյանն էլ չհերքեց էթիկայի կանոնների խախտման փաստը, ավելին` նույնիսկ ավելի խիստ արտահայտվեց ` նշելով, որ ոչ մի կանոն էլ չի պահպանվում. «Ոչ մի կանոն էլ այսօր Հայաստանում չի պահպանվում, ու խախտվում են բացարձակապես բոլոր սկզբունքները՝ հավաստիություն, անաչառություն, մարդու արժանապատվությունը չվիրավորելու, ընդդիմության կամ իշխանության կողմը չբռնելու, երկու կողմի տեսակետները ներկայացնելու, տեղեկատվությունը մի քանի աղբյուրից ստուգելու… Մի խոսքով, դժվար է նշել որևէ կանոն, որը չխախտվի»:

Այս կարծիքներին համաձայն էին գրեթե բոլոր լրագրողները` փորձառու և սկսնակ, իշխանամետ, թե ընդդմիադիր, գրեթե բոլոր քաղաքական ու հասարակական գործիչները: Բայց, իհարկե, դա վերը նշված լրագրողին` «Հրապարակ» օրաթերթի խմբագրին չի խանգարում պնդել, որ լրագրողը էթիկայի հետևից չպետք է ընկնի, և ինքն իր լրագրողներին թույլ է տալիս ազատ հայհոյել, քանի որ դա էլ է պետք…

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ հայ լրագրող:

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 2490 անգամ:
Print Friendly

Leave a Reply