Պարտություն, որը պատահականություն չէ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 18, 2012 16:43

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում (B խումբ) Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցեց Իտալիայի հավաքականի հետ: Թերևս տոմսերի թանկության պատճառով մարզադաշտը լեցուն չէր հանդիսականներով, և հրաշք էլ չկատարվեց: Մերոնք պարտվեցին 1:3 հաշվով:

Նախկինում էլ Հայաստանի ընտրանին տիտղոսակիր հավաքականների հետ ուժերը չափելու հնարավորություններ էր ունեցել և ոչ պակաս հեղինակավոր մրցակիցների հետ հանդիպումներում պատվով դուրս եկել փորձությունից: Մասնավորապես, 2007-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երևանյան խաղում մարզիչ Յան Պորտերֆիլդի գլխավորած Հայաստանի հավաքականը 1:1 հաշվով ավարտեց  երևանյան խաղը Պորտուգալիայի ներկայացուցիչների հետ: Ցավոք, այժմ մեր թիմը  մի շարք խնդիրներ ունի` պաշտպանների, դարպասապահի, մարզչի: Իսկ միայն ոգևորության, եռանդի հաշվին շատ բան հնարավոր չէ անել:

Բարձրակարգ խաղացողներով համալրված Իտալիայի հավաքականը վստահորեն անցկացրեց հանդիպումը: Մինչդեռ մեր թիմի ֆուտբոլիստները չկարողացան իրենց դրսևորել: Միայն մեկ դրվագում առանձնացավ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով գոլի հեղինակ:

Ի՞նչն է մեր թիմի անհաջողության պատճառը` դժվար է ասել:  Զարմանալի է, որ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, որոնք փայլուն են խաղում, արդյունավետ գործողություններով աչքի ընկնում արտասահմանյան իրենց ակումբներում, իսկ ահա Հայաստանի ազգային հավաքականի կազմում  կերպարանափոխվում են:  Հնարավոր է, որ մեր թիմի մարզչի  պրոֆեսիոնալ մակարդակն ավելի ցածր է, քան մի շարք խաղացողներինը: Փաստն այն է, որ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Իսկ եթե հավելենք, որ ընտրական մրցաշարից առաջ էլ այն անհաջողության էր մատնվել ընկերական հանդիպումում, ապա կատարվածն ամենևին էլ պատահականությանը չի կարելի վերագրել:

Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային հավաքականը  լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում: Մինչդեռ Հայաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը համառորեն թիմ չի հրավիրում, չի ցանկանում օգտվել Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող, փայլուն պաշտպան Դենիս Թումասյանի ծառայությունից, անգամ չի պատախանում վերջինիս հեռախոսազանգերին:  Հավանաբար պատճառը մեկն է` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, վատ է արտահայտվել Թումասյանի հասցեին: Գուցե, զարմանալի է, բայց ունենք այն, ինչ ունենք:

Հայաստանի հավաքականը վաստակած 3 միավորով խմբում 4-րդ տեղում է և հաջորդ խաղը կանցկացնի 2013-ին:

 

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply