Կվերականգնվի պետական մարզիչների ինստիտուտը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 18, 2012 16:41

Լրացավ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռուստոմյանի աշխատանքային 100 օրը: Սպորտի պետական կառույցի  ղեկավարն «Անկախին» հայտնեց, թե ինչ է հաջողվել կատարել բարեփոխումների ուղղությամբ:

– Նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցրի տարբեր ոլորտներում: Ուշադրության կենտրոնում են եղել զանգվածային և բարձր նվաճումների սպորտը, մարզադպրոցներում տիրող վիճակը: Ի հայտ են եկել բազմաթիվ բացթողումներ: Փորձելու ենք լուծումներ գտնել: Բայց կան նաև մի շարք խանգարիչ հանգամանքներ: Մասնավորապես, Հայաստանի 174 մարզադպրոցներից միայն 25-ն են նախարարությանը ենթարկվում, մյուսները շահագործում են այլ մարմիններ: Ինքնաբերաբար բարդություններ են առաջանում: Փաստորեն, նախարարությունը ձեռնպահ է մնում մարզօջախների մեծ մասին մասնագիտորեն ուղղորդելու, ուսումնական պլաններ մշակելու, կադրեր ընտրելու, ատեստավորելու հարցերում: Երկրորդ խնդիրն այն է, որ  նախարարության համապատասխան վարչության աշխատակիցներն իրավաբանորեն որևէ փոփոխություն չեն կարող կատարել մարզական ֆեդերացիաների կազմած և ներկայացրած ծրագրերում, եթե անգամ դրանք  ազգային հավաքականների հետ կատարվող աշխատանքին են վերաբերում: Որոշվել է, որ նախարարությունը պետք է այդ ամենում ունենա իր ներգրավվածությունը: Փորձելու ենք վերականգնել գերատեսչությունում աշխատող պետական մարզիչների ինստիտուտը, որպեսզի աշխատանքները կատարվեն խիստ վերահսկողության ներքո:

 Առաջնահերթ  ո՞ր հարցը պետք է կարգավորվի:

– Մեր համակարգի մարզադպրոցներում կան մասնագետներ, որոնք երկու տասնամյակից ավելի աշխատանքայն վաստակ ունեն, սակայն ամիսը ստանում են 40-42 հազար դրամ աշխատավարձ: Ինչ խոսք, դա քիչ է: Հարցն արդեն քննարկվել է նախարարությունում,  և հաջորդ տարվա հունվարից մարզիչների աշխատավարձը բարձրացվելու է:

 Ասացիք, որ մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքը վերահսկվելու է: Իսկ դա  դժգոհության առիթ չի՞ տա, չի՞ դիպչի հասարակական այդ կազմակերպությունների ինքնուրույնությանը:

– Արդեն հանդիպել ենք  Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը: Լրատվամիջոցներում այդ մասին տարբեր արձագանքներ են եղել: Հայաստանի պետական մարզական կառույցը տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին ավելացնելու է աջակցության կարգով տրամադրվող ֆինանսների չափը: Կարծում ենք, որ դա կնպաստի սպորտի մասսայականացմանը: Բանն այն է, որ այդպիսի վերաբերմունքի են արժանանալու լողը, ջրացատկը, հեծանվային սպորտը, դահուկային սպորտը, բադմինտոնը, մականախաղը…

 Հավանաբար նաև ձեր գլխավորած բասկետբոլի ֆեդերացիա՞ն:

– Ոչ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆինանսավորումը չի ավելանալու, բայց անելիքին  կանդրադառնանք: Ուշադրությունը մեծացվելու է հատկապես սիրված, տարածում ունցող մարզաձևերի նկատմամբ, որոնք լուրջ դժվարություններ են կրում: Ենթատեքստեր փնտրելու կարիք չկա: Ինչ վերաբերում է խաղային թիմային մարզաձևերին`վոլեյբոլին, հանդբոլին, բասկետբոլին, ապա, դարձյալ ֆինանսների հետ կապված, լուրջ խնդիրներ կան: Դրա համար առանձին ծրագիր է կազմվում: Կհանդիպենք այդ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, կքննարկենք անելիքը: Երբ դեռ չէի ստանձնել  նախարարի պարտականությունը, բասկետբոլի, նաև խաղային մյուս մարզաձևերի ներկայացուցիչները խնդիր էին դրել միավորվել, համատեղ ընկերակցություն ստեղծել: Կարծում ենք` այդ քայլը տեղին կլինի և մեծապես կնպաստի, որ այդ մարզաձևերի ներկայացուցիչները համախմբված աշխատեն և հաղթահարեն դժվարությունները, դուրս գան ստեղծված ծանր վիճակից:

 Հայտնի է, որ պետությունից աջակցության կարգով ֆինանսավորվում է մարզական 31 ֆեդերացիա: Կավելանա  օգնություն ստացող ֆեդերացիաների թիվը: Բացի այդ, այն տպավորությունն է գերիշխողը, որ մարզական այն ֆեդերացիաները, որոնք ցուցակ են մտել, շարունակ պետք է աջակցություն ստանան, անկախ այն բանից` լավ արդյունքներ ունե՞ն, թե՞ ոչ: Կվերանայվի՞ այդպիսի մոտեցումը:

– Ինչքան հիշում եմ, Հայաստանի քիգբոքսինգի ֆեդերացիան 2013-ին աջակցության կարգով չի ֆինանսավորվելու: Նախարարությունը վերանայելու է տարբեր ֆեդերացիաներին ֆինանսներ հատկացնելու հարցը: Սակայն խնդիրն այնքան էլ հեշտ չէ լուծել: Օրինակ` կարատեի տարբեր մարտաոճերի մի քանի տասնյակ ֆեդերացիաներից  դիմումներ են ստացվել, սակայն դրանց աջակցելու հարցը չի կարելի օրակարգային դարձնել: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ պետք է օգնեն, որ խուսափենք թյուրիմացություններից: Հայաստանում ներկայումս  կարատեի ոչ մի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն չկա: Եթե ծնողները նախընտրում են, որ երեխաները որևէ մարզաձևով զբաղվեն, ապա պետք է ընտրեն այնպիսիք, որոնցում մեր երկրի ներկայացուցիչներն ակնառու հաջողությունների են հասել: Մինչդեռ արևելյան մարտարվեստի տարբեր մարզաոճերի Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գրեթե ճանաչող չկա: Մարտարվեստին նվիրված տարբեր ֆիլմերի ներգործության ուժը մեծ է: Եվ ծնողները չեն զլանում ամիսը 10 հազար դրամ վճարել, որպեսզի իրենց երեխաները այս կամ այն կասկածելի մարզաձևով պարապեն: Սակայն, ասենք` համայնքային ենթակայությամբ աշխատող մարզադպրոցին ծնողներից շատերը խուսափում են ամիսը 2500 դրամ վճարել, որպեսզի իրենց երեխաներն օլիմպիական այս կամ այն մարզաձևով կանոնավոր պարապեն: Կա նաև մեկ այլ հանգամանք: Հանրակրթական դպրոցների տնօրենները գերադասում են իրենց կրթօջախների մարզասրահները տրամադրել արևելյան մարտարվեստի խմբերին, քանի որ շահագրգռություն ունեն: Անցանկալի է վիճակը բուհերի  զգալի մասում: Դրանց  ղեկավարները չեն ապահովում այն, ինչն ամրագրված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքով: Ուսումնառության շրջանում երիտասարդները զուրկ են մնում սահմանված կարգով ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու հնարավորությունից: Մի շարք բուհերում ընդհանրապես փակվել են ֆիզդաստիարակության ամբիոնները, և միայն մի քանի մարզաձևերի խմբեր են գործում: Հայաստանի ԿԳ նախարարության հետ համատեղ քայլեր ենք ձեռնարկելու դրությունը շտկելու համար: Ի դեպ, կարիք է զգացվում, որ

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեն: Մի շարք դրույթներ կան, որոնք հստակ չեն, և կարելի է դրանք շրջանցել, չկատարել:

 Որպես կանոն, օլիմպիական խաղերի նախապատրաստությունը սկսվում է դրանց ավարտից հետո: Դուք նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն եք: «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերից հետո այդ ուղղությամբ աշխատանք կատարվո՞ւմ է: Անցյալ օլիմպիական խաղերում մերոնցից սպասելիքներն ավելին էին, սակայն չարդարացրած մարզաձևերում կտրուկ փոփոխություններ չկան: Միայն հրաժարական է տվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Ընդ որում, մեր ծանրորդները բրոնզե մեկ մեդալ են բերել: Հայաստանի պատվիրակությունից մեկական արծաթե և բրոնզե պարգև էլ նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշները: Իսկ մյուսնե՞րըՄի՞թե ամեն բան օրինաչափ է:

– Ինչքան էլ ասենք, որ Լոնդոնում մեր որոշ մարզաձևերի ներկայացուցիչներ տապալվել են, չենք կարող համեմատել ծանրամարտի հետ: Բանն այն է, որ Հայաստանի համար ծանրամարտն առաջատար է, սպասելիքները շատ մեծ են: Ընդ որում, շատ խնդիրներ կան, որոնց բոլոր լուծումները տրվում են: Այժմ հայկական ծանրամարտում փոփոխությունները շարունակվում են: Խորհրդատուներ են հրավիրվել Հայաստան: Սեպտեմբերից արդեն սկսվել է 2016-ի օլիմպիական խաղերի նախապատրաստությունը: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի  փոփոխություն առայժմ չի սպասվում: Բանն այն է, որ կազմակերպության նախագահ Արման Մուրադյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Արդյունքների համար պատասխանատու են մարզիչները: Բռնցքամարտի մարզիչների մեծ մասը կտրված է աշխարհում կատարվող անցուդարձից: Թերևս դրսից մասնագետ հրավիրենք, որ խորդատու աշխատի: Նույն խնդիրն է նաև ազատ ոճի ըմբշամարտում. չորս տարի շարունակ արդյունք գրեթե չկար, և կատարվածն անսպասելի չէր: Չի կարելի ասել, որ ձյուդոյում ձախողվել ենք: Եթե համեմատենք մերոնց մրցելույթը նախորդ խաղերում ունեցածի հետ, ապա ակնհայտ առաջընթաց կա, Հայաստանի ներկայացուցիչներն ավելի լավ մասնակցեցին: Սկզբում ցանկանում էինք հրապարակային քննարկումներ ծավալել, սակայն հետ կանգնեցինք այդպիսի մտադրությունից: Պարզապես ցանկալի չէր պախարակել  մասնագետների, ովքեր ավանդ ունեն հայկական սպորտի զարգացման գործում: Ընդհանրապես մերոնց մրցելույթները բավարար ենք գնահատել, թեև անժխտելի է, որ ավելին էինք սպասում:

 

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply