Ադրբեջանը ձգտում է ռազմական չեզոքության Իրանի դեմ պատերազմի հարցում. փորձագետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 16:20

Իրանի և Թուրքմենստանի հետ Ադրբեջանի վաղեմի թշնամանքը կամ մրցակցությունը կապված է հենց նավթաարդյունաբերության ու նավթային պաշարների սպառման վտանգի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը` խոսելով ադրբեջանական նավթի պաշարների սպառման և այս ֆոնին  Ադրբեջանի կողմից թուրքմենական և իրանական նավթային պաշարների յուրացման մասին:

“Ինչպես գիտենք, Խորհրդային Միության փլուզումից հետո Կասպից ծովի երկրները ոչ մի կերպ չեն կարողանում բաժանել ծովը սեկտորների, այսինքն` ամեն երկիր ունի իր սեկտորը, ոտեղ իրավունք ունի զբաղվելու օգտակար հանածոների արդյունահանմամբ: Ուստի այստեղ խնդիրներ են ծագել Թուրքմենստանի հետ, մասնավորապես, 1996 թվականին վիճակն այնպես էր լարվել, որ արդեն մոտ էր ռազմական բախման, և միայն կողմերի ջանքերի շնորհիվ հաջողվեց իրավիճակը լիցքաթափել, սակայն, լարվածությունը պահպանվում է մինչ օրս”,-պարզաբանեց բանախոսը:

Խոսելով ադրբեջանական նավթի պաշարների սպառման և արևմտյան խոշորագույն` «British-Petroleum» ընկերության հետ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին` ադրբեջանագետն ասաց, որ Ալիևը իր հարձակողական քայլով պարզապես փորձում է փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, որպեսզի Իրանի դեմ ուղղված պատերազմում Ադրբեջանը կարողանա պահպանել իր չեզոքությունը:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել էր բրիտանական “British-Petroleum” ընկերության կողմից ղեկավարվող միջազգային կոնսորցիումին այն բանում, որ խիստ նվազել են վերջինիս կողմից շահագործվող “Ազերի” և “Չիրագ” հանքահորերից նավթի արդյունահանման տեմպերը: Ալիևը նույնիսկ հաշվել է Ադրբեջանի կողմից կորսված եկամուտը: «Եթե գումարենք բոլոր թվերը, և որպես հիմք դիտարկենք նավթի մեկ բարելի համար 100 դոլար առաջարկվող գինը, ապա Ադրբեջանը չի ստացել 8.1 միլիարդ դոլարի չափով եկամուտ»,-նշել է Ի. Ալիևը` հավելելով, որ վերջին տարիների ընթացքում նավթի գինը շատ ավելի բարձր է եղել:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply