ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 18, 2012 15:47

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:

Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ եւ ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է:

Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին՝ Է. Շարմազանովն ընդգծել է, որ խնդրի ռազմական լուծումը եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որեւէ սադրանք:

ԱԺ փոխնախագահը վերահաստատել է ՀՀ պաշտոնական տեսակետն առ այն, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների արդյունքում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Ա. Սերգեեւը, իր հերթին, բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքն ԱՊՀ ՄԽՎ-ում՝ հույս հայտնելով, որ իրենց միջեւ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակիցն է:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Ա. Սերգեեւը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ը այս ընտրություններին եւս պատրաստ է հանդես գալ դիտորդական առաքելությամբ:

Է. Շարմազանովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին հավաստիացրել է ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամության եւ վճռականության մասին:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply