Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց հյուրընկալվելիս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 4, 2010 14:19

Ֆուտբոլի Եվրոպայի 2011-ի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ խմբում ընգրկված մինչև  21 տարեկանների Հայաստանի հավաքականը հերթական խաղում հյուրընկալվելիս Դուբլինում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչներին: 34-րդ րոպեին  Լևոն Հայրապետյանը դիպուկ հարվածով գրավեց  տանտերերի դարպասը: Իսկ  6 րոպե անց Գևորգ Ղազարյանը  կրկնապատկեց հաշիվը` 2:0:

Երկրորդ խաղակեսի 80-րդ րոպեին իռլանդացիներից աչքի ընկավ Յան Դեյլին: Ավելին անել հյուրընկալողներին չհաջողվեց: Ի դեպ, հանդիպման 78-րդ րոպեից սկսած մեր թիմը մնացել էր 10 խաղացողով, քանի որ, երկրորդ անգամ դեղին քարտ ստանալուց հետո, մարզադաշտից հեռացվել էր Մասիս Ոսկանյանը: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների իր պաշարը հասցրեց 7-ի, սակայն շարունակում է մնալ նախավերջին տեղում: Այդուհանդերձ, մերոնք 3 խաղ դեռ ունեն և պահպանում են մրցաշարային իրենց դիրքը բարելավելու հնարավորություն: Առաջիկայում երկրորդ տեղի համար սուր պայքար կծավալվի Թուրքիայի, Էստոնիայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականների միջև: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում են շվեյցարացիները, որոնք 7 խաղից հետո ունեն 16 միավոր: Ապա հաջորդում են Թուրքիայի (10), Էատոնիայի (9), Վրաստանի (8), Հայաստանի (7), Իռլանդիայի (4) հավաքականները: Թուրքիայի և Վրաստանի հավաքականները մեկ խաղ պակաս են անցկացրել:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply