Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 18, 2012 10:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում:

Ողջունելով հյուրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երևանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է «Էրեբունի – Երևան 2794» տոնակատարության տրամաբանության շրջանակում ու, այդպիսով նաև, դառնում տոնական տրամադրության շարունակություն:

«Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաև Ձեզ համար է լավ առիթ զգալու տոնական Երևանի շունչը: Կարծում եմ արդեն հասցրել եք հմայվել Երևանի գեղեցկությամբ և հավաստիանալ, որ Դուք մեր հյուրընկալ քաղաքում սպասված ու գնահատված հյուր եք», -նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ բալետի աշխարահռչակ ռուս պարուհու երևանյան ելույթն իր ուրույն տեղը կգտնի մայրաքաղաքի մշակութային կյանքի այս տարվա առատության մեջ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և ջերմ ընդունելության համար, Անաստասիա Վոլոչկովան իր հերթին նկատել է, որ իսկապես ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից: Պարուհին նաև նշել է, որ իր առաջին այցից ավելի քան վեց տարի անց գալով Երևան նախ և առաջ հաճելիորեն հիացել է քաղաքի ներկայիս անճանաչելիորեն գեղեցկացած արտաքին տեսքով:

«Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես իսկապես հիացած եմ: Երևանը շատ է գեղեցկացել, ինչի համար ի սրտե ուրախ եմ, քանի որ ինձ համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամ: Ավելին, ունենալով շատ հայ ընկերներ, ես այստեղ ինձ բնավ օտար չեմ զգում և հնարավորության դեպքում կկամենայի ավելի հաճախ այցելել Ձեր հրաշալի երկիր», – նշել է Անաստասիա Վոլոչկովան և հավելել, որ կցանկանար ավելի շատ ներգրավված լինել հայկական մշակութային ծրագրերում:

Օգտվելով առիթից բալետի աշխարհահռչակ ռուս պարուհին քաղաքապետի հետ քննարկել է նաև մոտ ապագայում Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի պատանիների համար վարպետաց դաս կազմակերպելու հնարավորությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով առաջարկը, քաղաքապետարանի պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հարցն ու հնարավորին կարճ ժամկետում կազմակերպել վարպետաց դասի անցկացումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply