Եթե շուկայում 800 դրամից պակաս օղի կա, խորհուրդ կտամ չառնել. «Վեդի ալկո»-ի տնօրեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 17, 2012 19:33

Ակնհայտ չափազանցություն է Վրաստանը որպես գինու օրրան ճանաչելը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վեդի ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը:

“Գինու օրրանը հարավկովկասյան տարածաշրջանն է՝ կովկասյան լեռներից հարավ ընկած տարածքը”,- նկատեց Ղազարյանը:

Այն հարցին, թե Վրաստանը գինու օրրան ճանաչելը ամբողջ աշխարհում արդյոք  չի վնասի հայկական գինու վարկանիշին և  խանգարի արտահանման ծավալներին, Մ. Ղազարյանն ասաց, որ հայկական գինին աշխարհում այդքան էլ հայնի չէ, ու այս հանգամանքը դժվար թե  էական ազդեցություն ունենա  մեր գինու վաճառքի վրա:

Հիշեցնենք, որ վրացական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Եվրոպայի ներքին շուկայի հարմոնիզացիայի գործակալությունն (OHIM, զբաղվում է ապրանքային նշանների գրանցմամբ) արդեն իսկ գրանցել է “Վրաստան. գինու օրրան” բրենդը: Սա նշանակում է, որ Վրաստանը բացառիկ իրավունքներ է ձեռք բերում եվրոպական շուկա դուրս բերել գինիներ` “Վրաստան- գինու օրրան” գրությամբ, ինչպես նաեւ` արգելել ցանկացած այլ ընկերության օգտագործել այդ անվանումն առանց թույլտվության:

Լրագրողները “Վեդի ալկո”-ի հիմնադիր նախագահից հետաքրքվեցին նաև, թե  որքանո՞վ են օղու շուկայում կեղծումները վնասել կոնկրետ «Վեդի ալկոյի» արտադրանքի իրացմանը, հատկապես “Ալեքս-գրիգ” ընկերության կողմից կատարված կեղծումները, ինչի համար վերջերս ՏՄՊՊ-ն մի քանի անգամ տուգանել էր Սամվել Ալեքսանյանին:

Մանվել Ղազարյանը, սակայն, ասաց որ այդ հարցը կոռեկտ չէ, քանի որ իրենք “Ալեքս գրիգ”-ի հետ գործընկերներ են. “Ես կարող եմ վստահեցնել, որ “Ալեքս գրիգ”-ը “Վեդի ալկո”-ի» օղին երբեք չի կեղծել”:

Ինչ վերևաբերում է կեղծումների հետևանքով գնային առումով առաջացած հավանական խնդիրներին, ապա Մ. Ղազարյանն այս մասով ասաց. “Գնային առումով խնդիրներ կան,  ակցիզային հարկի մասին նոր օրենքը գործեց  և ոչ բոլորը թանկացրին իրենց արտադրանքը: Այսպես ասեմ՝ շուկայում եթե 800 դրամից ցածր օղի կա, խորհուրդ կտամ չառնել”:

Վահե Մակարյան

Դիտվել է 2249 անգամ:
Print Friendly

Leave a Reply