«Խնդիր կա ու… չկա, բայց խաղող մթերվում է»,- Մանվել Ղազարյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 17, 2012 17:37

“Խնդիր կա ու, կարելի է ասել, չկա”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով խաղողի մթերման ու այդ հարցում առաջացած խնդիրների մասին, ասաց “Վեդի Ալկո” ընկերության հիմնադիր նախագահ Մանվել Ղազարյանը:

“Խնդիր առաջացավ այն առումով, որ չգիտեմ ինչու խաղող մշակողները խուճապի մեջ ընկան` մտածելով, որ բերքը հասունացել է ու մթերողները չեն մթերում, մինչդեռ մթերողներն էլ մտածում են, որ դեռ ժամանակը չէ, բերքը պետք է հասունանա, որակ ու համային հատկանիշներ ձեռք բերի, շաքարայնության տոկոսը հասնի անհրաժեշտ մակարադակի, որպեսզի այդ բերքից լավ գինի ստացվի”,-ասաց Ղազարյանը:

Մյուս խնդիրը, ըստ Մ. Ղազարյանի, այն է, որ նախորդ տարիների համեմատ իրացման ծավալները նվազել են, իրենք բավականաչափ շուկաներ են կորցրել ոչ իրենց մեղքով, այլ ճգնաժամի պատճառով, նաև կան ռուսական շուկայի հետ կապված տարբեր խնդիրներ, ինչպես նաև նվազել են ամերիկյան շուկա արտահանման ծավալները, սակայն, իրենք ամեն օր, միևնույն է, խաղողի մթերում իրականացնում են:

Ղազարյանը  հայտնեց, որ այս տարի խաղող իրենք մթերում են ֆիքսված գնով՝ 120 դրամ, ինչը, սակայն, նրա խոսքով՝ սխալ է, քանի որ նախորդ տարիներին հաշվի էր առնվում շաքարայնությունը և գնահատվում մթերողի լավ խաղողը:

«Այս պահին արդեն շուրջ 1200 տոննա խաղող մթերել ենք, որից 658 տոննան բնակչությանն է, 480-ը՝ մեր ընկերությանը: Այս տարի էլ կմթերենք այնքան, ինչքան նախորդ տարի՝ շուրջ 1250 տոննա”-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է այս պահին խաղողի տեսակների, մասնավորապես, արենի տեսակի խաղողի մթերման գնին, ապա “Վեդի Ալկո” ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ այս պահին իրենք արենի տեսակի  խաղողը մթերում են 220 դրամով. “Ասեմ, որ գին բարձրացնողը հիմնականում էլի մեր ընկերությունն է եղել, մենք 1999 թվականին շուկայում սկսել ենք 90 դրամով խաղող մթերել, հետո բարձրացրել ենք գինը մինչև 120 դրամ, ու մինչև հիմա աճել դարձել է 220 դրամ: Տարի է եղել, որ մինչև 350 դրամ մենք վճարել ենք 1կգ արենիի համար”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1868 անգամ:
Print Friendly

Leave a Reply