Արդյոք ժառանգը կարո՞ղ է հրաժարվել ժառանգությունից

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | October 18, 2012 7:00

Ժառանգության բացման պահից սկսած` վեցամսյա ժամկետում ժառանգը ոչ միայն կարող է ընդունել ժառանգությունն ու ի հավաստումն դրա ստանալ ժառանգության վկայագիր, այլև հրաժարվել ժառանգությունից: Ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ իր կամքն արտահայտելիս ժառանգը պետք է նոտարական գրասենյակ ներկայացնի գրավոր դիմում: Դիմումը պետք է ներկայացվի անձամբ, իսկ դա հնարավոր չլինելու դեպքում նրա ստորագրությունը պետք է հաստատված լինի նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ժառանգությունից հրաժարվել կարող են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգները:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ օրենքը թույլ է տալիս ժառանգությունից հրաժարվել հօգուտ կոնկրետ անձի: Համաձայն ՀՀ քաղ. օր. 1231-րդ հոդվածի` ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ ինքը դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների, ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացման իրավունքով: Ասվածից հետևում է, որ ժառանգը կարող է հրաժարվել ժառանգության իր բաժնից հօգուտ՝

1. ըստ օրենքի ժառանգների՝ անկախ այն հանգամանքի, թե այն անձը, ում օգտին հրաժարվում է ժառանգը, ըստ օրենքի որ հերթի ժառանգ է,

2. ըստ կտակի ժառանգների,

3. Հայաստանի Հանրապետության, համայնքների:

Միևնույն ժամանակ ժառանգը չի կարող ժառանգությունից հրաժարվել հօգուտ՝

1. կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին,

2. ժառանգության պարտադիր բաժնից,

3. եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:

Այն դեպքերում, երբ ժառանգն անգործունակ է կամ անչափահաս, ապա իր ժառանգման իրավունքից հրաժարվելու համար պահանջվում է խնամակալության կամ հոգաբարձության մարմնի համաձայնությունը:

Կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ եթե ժառանգն արդեն հայտնել է ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ իր մտադրությունը, ապա նա այլևս չի կարող վերացնել իր հրաժարումը կամ այն հետ վերցնել:

Միաժամանակ չի թույլատրվում ժառանգությունից հրաժարվել վերապահումներով կամ պայմանով: Ժառանգը չի կարող նաև ժառանգությունն ընդունել գույքի մի մասի նկատմամբ, կամ հրաժարվել ժառանգական գույքի մի մասից, քանի որ ժառանգական զանգվածը դիտվում է որպես մեկ ամբողջություն:

Այստեղից հետևում է, որ ժառանգը ժառանգությունը կա՛մ պետք է ընդունի ամբողջությամբ, կա՛մ պարզապես հրաժարվի դրանից:

Ժառանգությունից հրաժարվել կարող է ոչ միայն այն ժառանգը, որը ժառանգելու իրավունք ունի, այլև այն ժառանգը, ում օգտին մյուս ժառանգը (ժառանգները) հրաժարվել է:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2638 անգամ:
Print Friendly

Leave a Reply