Մահացածին անգործունակ ճանաչելու վերաբերյալ հայցը քննության ենթակա չէ
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | October 17, 2012 16:45
Ռ. Ղազարյանը մահից առաջ կտակ է գրել, ինչպես կարգն է պահանջում՝ նոտարի ներկայությամբ: Նոտարը կտակը կազմելիս պահպանել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի տառը և վավերացրել է գործունակ անձի կտակը։
Սակայն Ռ. Ղազարյանի մահից հետո այդ կտակից դժգոհ մնացած Լ. Հակոբյանը բողոք է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իր մահկանացուն կնքած կտակարարին ճանաչել անգործունակ: Նույն դիմումով նա պահանջել է նաև կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը համարել առոչինչ:
Նշենք, որ Լիլիթ Հակոբյանի բողոքը ուղղված է եղել մահացած կնոջ կտակով նրա ժառանգը համարվող թոռան՝ Ա. Շահվերդյանի դեմ:
Սակայն Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը Լ. Հակոբյանի այս դիմումը մերժում է: Դրանից հետո, նա նույն հարցով դիմում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Այստեղ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանվում և գործը կրկին ուղարկում է նույն դատարան՝ նոր քննության:
Դատարանը, այս անգամ, գործի քննության արդյունքում Լ. Հակոբյանի դիմումը «Շենգավիթ նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված կտակի կարգադրությունն անվավեր ճանաչելու մասով» մերժում է, իսկ «ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասով գործի» վարույթը՝ կարճում։
Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Լ. Հակոբյանը կրկին բողոքարկում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Այս անգամ արդարադատության երկրորդ ատյանում նրա բողոքը մասնակիորեն բավարարվում է: Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվում է. իսկ մահացած կինը իր կտակը գրելու ժամանակաշրջանն ընդգրկող կյանքի մի հատվածում ճանաչվում է անգործունակ: Սակայն, նույն որոշմամբ, նրա «…կտակի կարգադրությունը և դրա հիմքով տրված ժառանգության իրավունքի վկայագիրն առոչինչ ճանաչելու մասով, մերժվում է»։
Այժմ էլ բողոքելու հերթը գալիս է Ա. Շահվերդյանին: Նա վճռաբեկ բողոքով դիմում է արդարադատության երրորդ ատյան՝ Վճռաբեկ դատարան: Իր դիմումի մեջ նա նշում է, որ վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի», ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները և չի կիրառել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքերի, ինչպես նաև «Հոգեբուժության մասին» և «Նոտարիատի մասին» օրենքների՝ քննարկվող հարցի հետ առնչվող «հոդվածները, որոնք պետք է կիրառվեին»։
Բողոքում նշվում են նաև այլ հանգամանքներ, որոնք վերաքննիչը գործը քննելիս հաշվի չի առել: Օրինակ, «Վերաքննիչ դատարանը չի գնահատել…. , որ Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել այն փաստը, որ Նոտարը ծանոթացել է կտակարարի հիվանդության պատմությանը, զրուցել է նրա հետ և համոզվել, որ վերջինս գործունակ է»:
Վճռաբեկ դատարանը առանձնացրել է գործի քննության և վճռաբեկ բողոքի պատասխանի մի շարք հիմնավորումներ, որոնցում մասնավորապես նշվել է, որ «Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ», «քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխի կանոններին համապատասխան կարող է քննության առնվել միայն նրա կենդանության ժամանակ»։ Վճռաբեկ դատարանը նաև նշում է, որ փաստաթղթերում նշված կոնկրետ ժամկետում Ռոզա Ղազարյանին «անգործունակ ճանաչելու վերաբերյալ հայցը դատարանում քննության ենթակա չէ»։
Հաշվի առնելով այս, ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրվող մի քանի հանգամանքներ և հարցին առնչվող մի շարք այլ իրավական փաստաթղթերի դրույթներ, ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն»։
Այսինքն «Հրապարակման պահից ուժի մեջ մտնող, վերջնական և բողոքարկման ոչ ենթակա որոշմամբ մահացած Ռ. Ղազարյանին անգործունակ ճանաչելու մասը բեկանվում է և այդ մասով քաղաքացիական գործով վարույթը կարճվում: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը մնացած մասով թողնվում է օրինական ուժի մեջ։
Սամվել Մարտիրոսյան
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
