Ըստ Կառավարության՝ անցումը 100% համամասնական ընտրակարգի ինքնին առաջընթաց չէ
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | October 17, 2012 16:26
Հոկտեմբերի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը մտադիր է հավանություն տալ Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության անդամների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում, «ԱԺ կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացության նախագծին:
Ըստ այդմ` Կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը, որի նպատակն է ամրագրել Ազգային ժողովի ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը:
Կառավարության եզրակացության նախագծի համաձայն, ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու համար գործնականում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան օրենսդրական համապատասխան փոփոխություններ նախատեսելը: Կառավարությունը, մասնավորապես, գտնում է, որ ԱԺ-ի կազմավորման կարգը սահմանելու հարցում անհրաժեշտ է ոչ միայն համակողմանիորեն իրականացված վերլուծությունների արդյունքում գնահատել օրենսդրական փոփոխությունների նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, այլև` հաշվի առնել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Կառավարության հիմնավորմամբ, որևէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ: «ՀՀ-ում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ հանդիսանում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը: Ակնհայտ է նաև, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձևավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ վերջիններիս թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների քանակի նկատմամբ»,-մասնավորապես նշված է հաստատվելիք եզրակացության մեջ:
Բացի այդ նշվում է նաև, որ մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որևէ կուսակցությանը հարող կամ դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով, հետևաբար, անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի ինքնին չի կարող համարվել առաջընթաց գործող ընտրակարգի համեմատ:
Հեղինակ:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
