Ա. Աշոտյան. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 17, 2012 16:04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է հանդուրժողոականության հարցերով ԵԱՀԿ նախագահողի ներկայացուցիչներ Էնդրու Բեյքերին, Ադիլ Ախմետովին և Քեթրին ՄքԳինեսսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրները, մասնավորապես, կարևորվել է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը կրթական համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերը` նշելով, որ ազգային փոքրամասնությունների խնդիրներին ցուցաբերվում է հատուկ ուշադրություն:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն և պատկերացնում ենք ազգային և կրոնական համայնքների խնդիրների լուծման կարևորությունը, քանի որ մենք՝ հայերս, աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնություն ենք: Մեր հայրենակիցները հայկական համայնքներ են ձևավորել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայկական համայնքների արդյունավետ գործունեությունը և տեղերում մայրենի լեզվի ու պատմության ուսուցումը մեր երկրի համար պետական կարևորություն ունեն»,-շեշտել է նախարարը: Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից մշտական աջակցություն է ցուցաբերվում արտերկրում գործող հայկական դպրոցներին, մասնավորապես, կազմակերպվում են մայրենի լեզվի ուսուցիչների վերապատրաստումներ, տպագրվում են դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Անդրադառնալով Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցանումն ընդգրկված է պետական կրթական ծրագրում, մասնավորապես, համապատասխան համայնքների առկայության դեպքում պետական ֆինանսավորմամբ Հայաստանի դպրոցներում ուսուցանվում են քրդերեն, եզդիերեն և ասորերեն: Բացի այդ, գրեթե ամեն տարի կառավարությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին արտամրցութային տեղեր է հատկացնում՝ պետպատվերի շրջանակում: «Ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված որևէ կրթական նախաձեռնություն կամ առաջարկություն չի մերժվել»,-նշել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է ազգային փոքրամասնությունների կրթական կարիքների բարելավման հարցում համագործակցել միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կառույցների հետ:

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply