Տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 17, 2012 13:54

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

Նախագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ «Մեծահասակների կրթության մասին» եւ «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, կրթության եւ գիտության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ, կվերանայվեն եւ նորից կներկայացվեն համատեղ աշխատանքից հետո: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ առաջարկել է վերանայել «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հեղինակի առաջարկով հանձնաժողովը որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված երեք նախագծերի քննարկումը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ այլ հարցեր:

Արտակ Դավթյանն առաջարկեց նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը: Հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների հիման վրա լսումներից հետո կմշակվի եւ շրջանառության մեջ կդրվի օրենսդրական նախաձեռնություն:

Արտակ Դավթյանն առաջարկեց այլ հանձնաժողովների հետ միասին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել երեխաների պաշտպանության, ներառական կրթության խնդիրներին նվիրված արտագնա նիստ, որին մասնակցելու հրավեր կուղարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործընկերներին:

Հանձնաժողովի նախագահի մյուս առաջարկը վերաբերում էր հանձնաժողովի՝ Շուշիում արտագնա նիստ անցկացնելուն:

Հանձնաժողովի անդամներն ընդունեցին բոլոր առաջարկները:

 

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply