Պայքար հակահայկական քարոզչության դեմ. ինչպես տեղեկատվությունը տարբերել ապատեղեկատվությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Հարցազրույց, Շաբաթվա լուր | | March 4, 2010 5:10

Սամվել Մարտիրոսյան. «Կան մարդիկ, որոնք կարողանում են հայտնաբերել ապատեղեկատվությունը, բայց չգիտեն, թե ինչպես այն տարածեն հայկական մամուլով կամ իրազեկեն հանրությանը, որ այն չճշտված է»

2009 թ. ամռանն ստեղծված «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հկ-ի գործունեության նպատակը համացանցում տիրող այլատյացության, անհանդուրժողականության մթնոլորտի, ինչպես նաև հակահայկական քարոզչության հայտնաբերումն ու կանխարգելումն է: Իր գործառույթների շրջանակներում հկ-ն իրականացնում է մի քանի նախագծեր, որոնցից մեկը փետրվարի 24-ին գործարկված www.xocali.net կայքն է:

Այս կայքը տվյալների բազա է, որտեղ հավաքված են 1992 թ. փետրվարին Խոջալուում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, տարբեր տարիների և տարբեր աղբյուրներում հրապարակված ականատեսների վկայություններ, ինչպես նաև կոնկրետ փաստեր, թե ադրբեջանական պետական քարոզչությունն ինչ դեպքերում և ինչ կեղծիքներ է արել իրականությունը խեղաթյուրելու համար:

«Անկախի» հարցերին պատասխանում է տեղեկատվական պատերազմների գծով մասնագետ, «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հկ-ի կողմից հրավիրված փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ինպե՞ս տեղեկատվությունը տարբերել ապատեղեկատվությունից և ինչպես հայտնաբերել այն:

Դա շատ լուրջ խնդիր է, որովհետև, երբ ադրբեջանական մամուլն ինչ-որ տեղեկատվություն է հրապարակում, մեր լրատվական դաշտը դառնում է ադրբեջանական քարոզչության մեքենայի մաս, քանի որ այն, փաստորեն, հենց մենք ենք տարածում: Կան մարդիկ, որոնք կարողանում են հայտնաբերել ապատեղեկատվությունը, բայց չգիտեն, թե ինչպես այն տարածեն հայկական մամուլով կամ իրազեկեն հանրությանը, որ այն չճշտված է: Ուստի մենք սկսել ենք մի նախագիծ, որի շրջանակներում հնարավոր կլինի կենտրոնացնել արձանագրված ապատեղեկատվությունն ու տարածել այն:

Ե՞րբ այն կյանքի կկոչվի:

Խնդիրը վաղուց հասունացած էր, իսկ տեխնիկապես այն գրեթե պատրաստ է, այնպես որ մոտ ժամանակներս այդ մասին պաշտոնապես կհայտարարվի:

Ինչպե՞ս առաջացավ xocali.net կայքն ստեղծելու գաղափարը:

Մենք սկսել էինք ուսումնասիրել և թվայնացնել սումգայիթյան 36-հատորանոց արխիվը, որը մեզ տրամադրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Դրանք մարդկային պատմություններ են, հարցաքննություններ, հարյուրավոր վկայություններ այն մասին, թե ով` ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է զոհվել և այլն: Այդ ընթացքում(2009թ. աշնանը) Ադրբեջանը Խոջալուի մասին ֆիլմ էր նկարահանել, և մենք հանկարծ նկատեցինք, որ այդ ֆիլմում նրանք օգտագործել են 1991 թ. «Կոմսոմոլեց Կուզբաս» թերթում հրապարակված մի հայ երեխայի լուսանկար, որը, բնականաբար, Խոջալուի հետ ոչ մի կապ չուներ: Մենք դա մամուլով տարածեցինք:

Մարդկային հոգեբանության վրա սպանված, խոշտանգված կամ վիրավորված մարդու լուսանկարը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան գրավոր նյութը, մանավանդ, եթե դա կնոջ կամ երեխայի լուսանկար է: Դա շոկային տրամադրություններ է ստեղծում:

Հետո մենք սկսեցինք ավելի խորն ուսումնասիրել նրանց տարածած հրապարակումներն ու հայտնաբերեցինք, որ ինչ ասես` չեն օգտագործել. Կոսովոյում, օգոստոսյան ռուս- վրացական պատերազմում, Թուրքիայում զոհված ալբանացիների, վրացիների ու քրդերի կամ դիահերձարանում արված մարդկային մարմինների լուսանկարներ: Մենք հայտնաբերեցինք այդպիսի 20 լուսանակար, որոնք օգտագործվել էին մի քանի անգամ և հայերի նկատմամբ հակակրանք ու ատելություն առաջացնելու նպատակով:

Ու տեսնելով, թե ադրբեջանական կողմն ինչքան հեշտ ու ցինիկաբար է կեղծում փաստերը, որոշեցինք ստեղծել մի կայք, որտեղ կհավաքվեն նրանց կողմից կեղծված բոլոր դեպքերը, լինի դա լուսանկար թե վկայություն:

Ինչպե՞ս արձագանքեց ադրբեջանական կողմը:

Կայքը գործարկվեց փետրվարի 24-ին, և նրանց կողմից անմիջապես տասնյակ մեկնաբանություններ տարածվեցին, թե դա անիմաստ կայք է ու դրա բովանադակությունը ոչինչ չի ապացուցում: Կայքի մասին բացասաբար խոսեց նաև Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը, ինչը վկայում է կայքի կարևորության մասին: Ես չեմ հիշում մի դեպք, որ ինչ-որ կայքի մասին ԱԳ նախարարության մակարդակով տեսակետ հնչեր: Նրանց բարձրացրած հիսթերիան մինչև հիմա էլ շարունակվում է. ադրբեջանական մամուլով հակերներին բացահայտ կոչ արվեց կոտրել կայքը, սակայն մենք նախապես կայքն այնպես էինք սարքել, որ կոտրել չլինի: Այստեղ կարևոր է փաստել, որ ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես` «Վեստի» գործակալությունը, բացահայտ քաջալերում ու դրդում էր քրեական հանցագործության, որովհետև կայքի վրա հարձակումը քրեական հանցագործություն է ինչպես միջազգայնորեն, այնպես էլ Ադրբեջանի քրեական օրենսգրով:

Կայքի գործարկումը որևէ ազդեցություն ունեցա՞վ Խոջալուի դեպքերի կապակցությամբ ադրբեջանական կողմի հակահայկական քարոզչության վրա:

Իհարկե: Ադրբեջանական կողմը Խոջալուի տարելիցի կապակցությամբ պատրաստվում էր տարածել մեծ քանակով հակահայկական բնույթի նյութեր, սակայն կայքի գործարկումը կանխեց դրանց հրապարակումը:

Ի՞նչ բազա է տեղակայված կայքում:

Այնտեղ դրված է այն ամենը, ինչ արդեն ունեինք, ուղղակի համախմբված է: Դրանք մեր ունեցած բոլոր կեղծ լուսանկարներն են` մանրամասն վերլուծված, որպեսզի յուրաքանչյուր մարդ համոզվի, որ դրանք կեղծ են: Դա, օրինակ, ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի հոդվածներն են այն մասին, որ Խոջալուն կազմակերպված է եղել հենց ադրբեջանցիների կողմից այն ժամանակվա նախագահ Մութալիբովին պաշտանանկ անելու համար: Նաև փաստեր այն մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հրահանգ էր տրված չտեղահանել բնակչությանը, թեպետ դեպքերից 4 օր առաջ հայկական կողմը նախազգուշացրել էր, որ հումանիտար միջանցք է թողնված մարդկանց տարհանելու համար:

Քանի՞ լեզվով է գործում կայքը:

Այս պահին կայքը հասանելի է անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, գերմաներեն: Նախատեսում ենք մոտ ժամանակներս ունենալ նաև ֆրանսերեն, պարսկերեն և բուլղարերեն տարբերակները:

Հիմա ի՞նչ աշխատանքներ են ընթանում:

Այժմ ուսումնասիրում ենք Խոջալուի զոհերի ցուցակները, որոնք շրջանառության մեջ է դրել ադրբեջանական կողմը: Դրանք իրարարմերժ են: Նախ թվերով իրար հետ չեն համընկնում, բացի այդ, կան տասնյակ կրկնվող անուններ: Ուզում ենք ճշտել` այդ մարդիկ իրականում գոյություն ունեցե՞լ են, թե՞ ոչ, որովհետև հայտնաբերել ենք, որ նույն անունով մարդու անվան մեջ, օրինակ ա տառը գրված է լատինատառով ու կիրիլցայով ու փաստաթղթի մեջ գրված են տարբեր տեղեր: Դա ճշտելու համար դիմել ենք ԼՂՀ իշխանությունների աջակցությանը:

Ո՞վ է ֆինանսավորում նախագիծն ու կայքի պատրաստումը:

ՀԿ-ի բոլոր նախագծերն էլ իրականացվում են էնտուզիաստների միջոցներով: Թարգմանություններն արվում են կամավորական հիմունքներով: Նրանցից շատերը forum.openarmenia.com ֆորումի մասնակիցներն են:

Չնչին միջոցներ են ծախսվել ուղղակի հոստինգ ու դոմեն առնելու վրա: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինն աջակցել է լուսանկարների համար ստանալու փորձագետի եզրակացություն: Որովհետև լուսանակարի համար պետք է կրիմինալիստ փորձագետի եզրակացությունը, որպեսզի բացառվի որևէ կեղծ մեկնաբանություն:

Որևէ այլ պետական աջակցություն չկա, և դա ճիշտ է: Ադրբեջանական կողմը փողհարում էր, թե մենք դրա վրա մեծ գումարներ ենք ծախսում, որովհետև իրենց մոտ այս կարգի նախագծերի համար հսկայական փողեր են ծախսվում: Երբ պետությունը գումարներ է տրամադրում, այդ գումարները վատնվում են: Իսկ «ուտելուց» հետո էլ պետք է հաշվետվություններ գրվի և այլն, իսկ կամավորական աշխատանքը այդպիսի բանը բացառում է:

Դիտվել է 2164 անգամ:
Print Friendly

Leave a Reply