“Հրապարակ”-ի խմբագիրը դժգոհ է, որ թերթի գինը չի թանկանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 16, 2012 17:00

Այսօր, Հայ մամուլի օրվա հետ կապված, լրագրողների հետ հանդիպմանը մամուլում առկա խնդիրների, արդի մամուլի լավ ու վատ կողմերի մասին խոսեց “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Վերջինս այսօրվա մեր մամուլի խնդիրները բաժանեց 3 հիմնական խմբի, որոնցից առանձնացրեց, հատկապես, ֆինանսականը. “Ինչու եմ ասում ֆինանասական, որովհետև տասնամյակներ շարունակ թերթի գինը մնում է 100 դրամ այն դեպքում, երբ որ շուրջդ անընդհատ գների թանկացում է”:

Օհանյանի հաշվարկներով` այդ 100 դրամից ընդամենը 30 դրամն է իրենց մնում, որից էլ իրենք պետք է խմբագրություն պահեն, լրագրողներին աշխատավարձ վճարեն և այլն. “30 դրամը տալիս ենք տպարանին, 30 դրմաը` իրացնողներին,  տակը մնացած 40 դրամից երեևի թե մի 10 դրամը գնում է հոսանքի, ինտերնետի և տարածքի վարձակալության ծախսերին, տակը մնում է ընդմենը 30 դրամ, և պատկերացրեք, թե ինչքան բարդ է, թե քանի օրինակ թերթ պետք է տպենք և վաճառենք, որպեսզի կարողանանք աշխատավարձ տանք լրագրողներին”:

Ուստի, լրագրողների` տարիներ շարունակ նույն` ցածր մակարդակի վրա գտնվող աշխատավարձի հանգամանքը “Հրապարակի” խմբագիրը կապում է հենց թերթի գնի նույնը մնալու հետ:

“Եթե 90-ականների սկզբին լրագրողական աշխատավարձը բավականին բարձր աշխատավարձ էր համարվում, որով կարելի էր գոյատևել, ապա այսօր լրագրողների աշխատավարձը երկրում ամենացածր աշխատավարձերից մեկն է”,- նկատեց բանախոսը:

Այս պայմաններում Ա. Օհանյանը աբսուրդ է համարում լրագրողից պահանջել, որ նա ամբողջ օրը վազի, չնորմավորված աշխատանքային գրաֆիկով աշխատի, և վերջում ստանա մոտավորապես 100.000 դրամ աշխատավարձ:

Իսկ “Անկախ”-ի այն դիտարկմանը, թե գների այսպիսի զանգվածային աճի պայմաններում, լավ չէ՞, որ գոնե թերթի գինն էլ չի բարձրանում` համարվելով թերևս միակ լուսավոր կետը այս հարցում, “Հրապարակ” օրաթերթի խմբագիրն ասաց. “Ընթերցողի համար, իհարկե, շատ լավ է, և մենք հենց ընթերցողների համար ենք այդ գինը պահել, բայց մենք շատ կցանկանայինք, որ միայն թերթի վաճառքով կարողանայինք գոյատևել և որևէ մեկից գումար խնդրելու կամ հովանավոր փնտրելու խնդիր չունենայինք”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply