Անիմաստ ձգձգում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 4, 2010 16:19

Ձախից` Սուրեն Ղազարյան, Վլադիմիր Ենգիբարյան

Դեռ խորհրդային տարիներից  ավանդույթ է` մայրաքաղաքի մի շարք մարզադպրոցներ կոչում են հայկական սպորտի այն երախտավորների անունով, ովքեր դրանք հիմնադրել են: Օրինակ, ասում են` Հրանտ Շահինյանի,  Հրանտ Շահինյանի, Վլադիմիր Ենգիբարյանի, Նորայր Մուշեղյանի դպրոցներ: Երբեմն այս շարքում հիշատակվում է նաև Իգոր Նովիկովի դպրոց անվանումը, մինչդեռ, մարզօջախը վաղուց արդեն գոյություն չունի: Տարածքն էլ նոր տերեր է գտել: Սակայն հարցը դա չէ: Խորհրդային տարիներին, թեև այսպես ասվում էր, պաշտոնապես որևէ մարզադպրոց կենդանի մարդու անունով կոչելու իրավունք չկար: Իհարկե, այդ մասին պաշտոնական ոչ մի որոշում չկար, սակայն  «կարգը» պահպանվում էր, չգրված օրենք էր: Եվ մարդիկ, որոնք համաշխարհային փառքի էին հասել, մասնագիտացված կենտրոններ հիմնել, իրենց անունով մարզադպրոցներ ղեկավարելու հնարավորություն չունեին: Միակ սփոփանքն այն էր, որ ժողովուրդը, այնուամենայնիվ, նրանց անունն էր տալիս: Անկախացումից հետո էլ այդ հարցը չլուծվեց: Հետաքրքիրն այն է, որ Հրանտ Շահինյանը մահացել է 1996-ին, և այդ տարին էլ անվանակոչվել է այն դպրոցը, որում տասնամյակներ շարունակ աշխատել է օլիմպիական խաղերի Հայաստանի առաջին չեմպիոնը: Ինքնին հարց կարող է առաջանալ,  թե ինչ ճակատագիր ունեցան մյուս մարզօջախները: Միայն 2006-ին Ալբերտ Ազարյանի ղեկավարած  մարմնամարզության դպրոցը պաշտոնապես կոչվեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի անունով: Եվ այս պատմությունը սրանով էլ ավարտվում է: Խոսակցություններ կան, որ հնարավոր է` 1959-ին Վլադիմիր Ենգիբարյանի հիմնած պատանի բռնցքամարտիկների դպրոցը կոչվի նրա անունով: Օլիմպիական խաղերի չեմպիոնը երկար ժամանակ է, որ օվկիանոսի այն կողմում է բնակվում: Սակայն դա չի խանգարում նրան  ժամանակ առ ժամանակ Հայաստան այցելել: Ի դեպ, նախորդ տարվա վերջին Ենգիբարյանը Երևանում էր և, մարզադպրոցի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր պայմաններում նրան  պարգևատրեց: Պարգևներ հանձնեցին նաև Արցախի նախագահը, Հայաստանի պաշտպանության նախարարը, ՀԱՕԿ-ի նախագահը:

Իսկ թե ինչու  է ձգձգվում մարզադպրոցը նրա անունով կոչելու հարցը, փորձեցինք պարզել Երևանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցի տնօրեն, միջազգային կարգի մրցավար Սուրեն Ղազարյանից: «Մենք չենք կարող կառավարությանը ուղղություն ցույց տալ, թե ինչ պետք է արվի: Սակայն պատրաստ ենք դիմել բոլոր ատյաններին, որ այդ հարցը շուտափույթ կարգավորվի: Կարծում ենք, որ դրան խանգարող հանգամանք չի լինի»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե Ենգիբարյանը վիրավորված չէ՞, որ այդ խնդիրը երկար ժամանակ չի լուծվում: Ղազարյանը պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել, սակայն նկատեց, որ անվանի մարզիկը ներկայումս կարծրախտով է տառապում, ընդ որում, նա դա չկապեց  սպորտի հետ: Ենգիբարյանն այն եզակի բռնցքամարտիկներից է, ովքեր մարզական կենսագրության ընթացքում շատ քիչ հարվածներ են կրել: Իսկ հիվանդությունը, տնօրենի կարծիքով, ժառանգական բնույթ ունի, քանի որ Ենգիբարյանի հայրը, որ  բռնցքամարտիկ չի եղել, նույնպես տառապել է այդ հիվանդությամբ: Ղազարյանը պատմեց, որ վերջին անգամ Երևանում եղած ժամանակ ամեն օր Ենգիբարյանը բռնցքամարտի դպրոց է այցելել և ամեն անգամ տեսնելով իրեն, չի հիշել, թե ով է, առհասարակ, ամենատարրական բաներն անգամ արագ մոռացել է:

Դժվար է ասել, թե ինչքան ժամանակ չինովնիկները կձգձգեն համապատասխան որոշման  ընդունումը: Առայժմ փաստն այն է, որ  բռնցքամարտի դպրոց`  Ենգիբարյանի անունով, գոյություն չունի: Հիշեցնենք, որ Ենգիբարյանն  այդ մարզաձևի  միակ հայաստանցի օլիմպիական չեմպիոնն է և Եվրոպայի եռակի չեմպիոնը:

Դիտվել է 1964 անգամ:
Print Friendly

Leave a Reply