“Չի’ կարելի էթիկայով առաջնորդվել: Մամուլը պետք է էթիկայի հետևից չընկնի”,- “Հրապարակ”-ի խմբագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 16, 2012 17:33
Մենք ամեն օր բախվում ենք խոչընդոտների մեր աշխատանքն իրականացնելիս: Այսօր Մամուլի օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
“Այդ խոչընդոտները հանդես են գալիս կեղծելու, ապակողմնորոշելու տեսքով,-ասաց Օհանյանը` իր դժգոհութոյւնն արտահայտելով մամուլի խոսնակների աշխատանքի վերաբերյալ:-Մեր մամուլի խոսնակները ուղղակի ստեղծված են, որպեսզի կանխեն ցանկացած տեղեկատվության հրապարակումը տվյալ համակարգի մասին: Ես չգիտեմ որևէ համակարգի կամ կառույցի մամուլի խոսնակ, որը կատարում է իր պարտականությունները և օգնում է լրագրողին, քանի որ, ի վերջո, նրա դերը լրագրողին օգնելն է”:
Բանախոսը նշեց նաև, որ մեր քաղաքական գործիչները գնալով ավելի վատ են աշխատում լրագրողների հետ:
“Անկախ”-ը Արմինե Օհանյանին խնդրեց անդրադառնալ նաև մամուլում առկա էթիկայի կանոնների խախտումներին և նշել, թե որքանով էր էթիկայի կանոնների սահմաններում մի քանի օր առաջ սոցցանցում և լրատվամիջոցներում հրապարակված իր և Պետրոս Ղազարյանի` փոխադարձ վիրավորանքներով հարուստ անձնական բանավեճը:
Այս կապակցությամբ էլ Ա. Օհանյանն ասաց. “Մեր երկրում էնքան շատ բան իր տեղում չի, որ էթիկայի մասին այդքան շատ խոսելը ես ուղղակի համարում եմ անբարոյականություն: Մամուլը պետք է էթիկայի հետևից չընկնի: Չի’ կարելի էթիկայով առաջնորդվել: Էթիկայի մասին մենք կխոսենք 10 տարի անց, երբ որ էս երկիրը կլինի կայացած”:
Իսկ ինչ վերաբերում է իր և Պետրոսի “հակամարտությանը”, “Հրապարակի” խմբագիրն ասաց. “Ես ուղղակի փոքրիկ անձնական հաղորդագրություն էի ուղարկել մարդու, ով, մեղմ ասած, “համը հանել էր”, և նա այդ հաղորդագրությունը հրապարակել էր, թե հասե~ք, փրկե~ք, Արմինե Օհանյանը ինձ ուզում է չգիտեմ ինչ անի: Դա իր իրավունքն է, ճիշտն ասած` ես իրեն այնպիսի մարդ չեմ համարում, որ իր մասին հիմա նստենք ու քննարկենք, ուղղակի ես իմ լրագրողներին էլ եմ ասել, որ մեր ընթերցողները, ինչպես յուրաքանչյուր ոք, իրավունք ունեն հայհոյելու: Դա էլ է մարդու բնական իրավունքը”: Օհանյանը նաև նշեց, որ եթե ինքն իմանար, որ իր հաղորդագրությունը հրապարակվելու է, ինքն ավելի խիստ ու կոշտ կգրեր և կմանրամասներ, թե ինչու է Պ. Ղազարյանը սևեռվել հենց իր վրա:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
