«Շուշի արթ փրոջեքթ». նախագիծ, որն աշխուժություն մտցրեց Արցախում, Հայաստանում և Սփյուռքում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 16, 2012 17:15

Ս.թ. հոկտեմբերի 1-ից 14-ը ԼՂՀ Շուշի քաղաքում անկացվեց «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի նախագիծը:

Հոկտեմբերի 1-4-ը արվեստագետները տեղում աշխատեցին իրենց ստեղծագործությունների պատրաստման վրա, ամսի 3-ին Շուշիի քաղաքային տարբեր տարածքներում տեղի ունեցան արվեստագետների բացօթյա պերֆորմանսները, որոնց արդյունքում ստեղծված գործերը, նկարահանված տեսաշարերի հետ մեկտեղ, ցուցադրվեցին էքսպոզիցիայում:

Շուշիի հողի վրա ստեղծված ինստալացիաներից հատկապես ուշագրավ են Հերրի Որբերյանի` հայելիներով “Ինքնադիմանկար”-ը Շուշիի նշանավոր պատմական վայր Ճդրդյուզում, Աշոտ Ավագյանի մեգալիթյան շարվածքն ու իր գործերից մեկի այրման արարողությունը նույն տեղում, Համլետ Հովսեփյանի` կարմիրով ներկած ժայռաբեկորը նույն վայրում, Սահակ Պողոսյանի “Ականապատված դաշտեր և պեչենու բաղեր” ինստալացիան Շուշիի պարիսպի տարածքում, Չառլի Խաչատուրյանի հսկայական հողե օբյեկտը, որ նա իբրև հանվածք դուրս բերեց Շուշիի հողից, Արա Օշականի ֆոտոինստալացիան Ղազանչեցոց փողոցում գտնվող պատմական շենքերից մեկի ճակատին և այլն:

Պերֆորմատիվ գործերից հատկապես ուշագրավ էին Սամվել Սաղաթելյանի` տեղացի կանանց օգնությամբ կարված չորսմետրանոց գունագեղ վերմակը` երեսին Արցախի քարտեզով, Ալեքսեյ Մանուկյանի “Տասը մետրը”, որում նա Շուշիի գետնից մի հատված դաջեց թղթին, Քիքիի գործողության նկարչությունը, որը ծնվում է հանդիսատեսի աչքի առաջ, ինչպես նաև նույն սկզբունքվ կերտվող Սէվ-ի “Դեկոլաժ” օբյեկտը:

Կամերային գործերից նշենք Ճալա և Եվա Սարգսյան զույգի ստեղծած “Խնձոր” երկնկարը, Գագիկ Ղազանչյանի “0-ական կետ», Մերի Մունի «Քաղաք», Հարություն Զուլումյանի «Մելանխոլիա» քանդակ-օբյեկտները, Վաչագ Տեր-Սարգսյանի վերադարձի ինստալացիան, որոնք բոլորն էլ ստեղծվեցին կամ մոնտաժվեցին տեղում` ներառելով տեղում ստեղծված արտիստական մթնոլորտը, իրավիճակը, հանդիսատեսին և հանրությանը:

Փառատոնի ընթացքում  Շվեդիայում բնակվող նշանավոր դոկումենտալիստ Սյուզան Խարդալյանը տեղի ուսանողների հետ անցկացրեց մաստեր-կլասներ, “Նարեկացի” արվեստի կենտրոնում ցուցադրվեց նրա “Տատիկիս դաջվածքները” ֆիլմը:

ՇԱՓ-ն աննախադեպ մշակութային իրադարձություն էր արցախյան հողում, որը, դատելով մամուլից և մասնավոր արձագանքներից, զգալի աշխուժություն առաջացրեց ոչ միայն հայաստանյան և արցախյան, այլև սփյուռքի հանրության շրջանում: Նախագծի բացմանը` հոկտեմբերի 5-ին, ներկա էին ԼՂՀ մշակույթի փոխնախարարը, նախագահի խորհրդականը, ԼՂՀ կառավարության Զբոսաշրջության վարչության պետը, Շուշիի քաղաքապետը, մամուլի ներկայացուցիչներ, մտավորականներ, քաղաքի բնակիչներ:

Բացման խոսքում նախագծի կազմակերպիչները շնորհակալական խոսք հղեցին արցախյան ժողովրդին, շուշեցիներին և կառավարությանը` հույս հայտնելով, որ այն իրապես մի ներդրում կլինի տեղի մշակությաին դաշտում և իր շարունակությունը կունենա: Նույն օրը Շուշի արվեստի ցուցասրահում տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի կենտրոնի ժող. գործիքների համույթի ելույթը, Շուշիի Մշակույթի և երիտասարդության պալատում ՇԱՓ շրջանակներում բացվեց արցախցի արվեստագետների ցուցահանդեսը, որի բացմանը իր ողջույնի և երախտագիտության խոսքով հանդես եկան ՇԱՓ կազմակերպիչները, ԼՂՀ մշակույթի փոխնախարարը, իսկ նախարարի օգնականը հյուրերին ներկայացրեց արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները:

Նախագծի փակմանը Շուշի արվեստի պատկերասրահում տեղի ունենացավ «Նարեկացի» ժող. նվագարանների համույթի ելույթը:

«Շուշի արթ փրոջեքթի» «Հող և տեխնոլոգիա» հայեցակարգի ներքո անցկացվող անդրանիկ նախագիծը համընկավ նաև «Շուշի արվեստի պատկերասրահի» բացմանը, որտեղ էլ այն կայացավ: Պատկերասրահի շենքը, որ իրենից ներկայացնում է պատմամշակությաին հուշարձան և 19-րդ դարում հանդիսացել է Անդրկովկասի առաջին տպագրատներից մեկը` հիմնադրված շվեյցարացիների կողմից, ավերված վիճակից վերականգնվել և վեր է ածվել պատկերասրահի բարերար Կարո Սարգսյանի միջոցներով:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին, Երևանի ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա  «Շուշի արթ փրոջեքթ» -ի ընծայումը (պրեզենտացիան), տեղում կցուցադրվեն Շուշիից տեղափոխված գործերը, իսկ այն գործերը, որոնք նվիրաբերվել են Շուշիին, կցուցադրվեն ֆոտոշարքի միջոցով, կներկայացվեն նաև արվեստագետների` տեղում արված պերֆորմանսների վիդեոները:

Բացմանը ելույթ կունենան ՇԱՓ նախագահ և կազմակերպիչ Հերրի Որբերյանը և նախագծի արթ-համադրող, արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը, ներկա կկգտնվեն նաև հայաստանաբնակ արվեստագետները: Հոկտեմբերի 22-27-ը ՇԱՓ մասնակից արվեստագետներից մի քանիսը ԹՈւՄՈ կենտրոնի սաների համար դասախոսություն-ընծայումներ կանցկացնեն` պատմելով իրենց ստեղծագործական փորձառության և ժամանակակից արվեստի խնդիրների մասին:

Դիտվել է 2003 անգամ:
Print Friendly

Leave a Reply