ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆ` «բիրիքով»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 4, 2010 9:43

Անցյալ շաբաթ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց ԲՀԿ ներկայացուցիչ Հրաչյա Ռոստոմյանը (նկարում): Հավանաբար նրան մեր երկրի մարզաշխարհի ներկայացուցիչներից քչերը ճանաչեն: Ուշագրավ է, որ Ռոստոմյանը նախօրեին անակնկալ նշանակվել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար,  և անհայտ էր, թե  նախկինն ինչպես էր ազատվել: Բանն այն է, որ ՀԱՕԿ-ի նախագահը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանն էր, ով, նախարարական իր պորտֆելից վերջերս հրաժարվելուց հետո, ոչինչ չէր ասել, որ թողնում է աշխատանքը նաև օլիմպիական կոմիտեում, այսինքն` այլևս ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար չի լինելու: Սակայն, այդ մասին խոսակցություններ կային:

Գաղտնիք չէ, որ ներկայումս սպորտի ոլորտում յուրաքանչյուր նշանակում կատարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ և կամքով, իսկ Գրիգորյանի հեռանալու բուն պատճառի մասին, թերևս, միայն նրան է ստույգ հայտնի: Ի դեպ, մինչ այդ նշանակումը լուրեր էին շրջում, որ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի այդ կազմակերպության փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, սակայն, ինչպես երևում է, Ծառուկյանը վերջին պահին փոխել է միտքը: Դժվար է ասել, թե դեպքերի այդպիսի ընթացքից ով է գոհ կամ դժգոհ: Թերևս, Ստեփանյանն ուրախ լինի այնքանով, որ ազատվել է ևս մի ծանր պատասխանատվությունից, քանի որ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար լինելն այնքան էլ դյուրին գործ չէ: Ռոստոմյանն էլ, հնարավոր է, մտահոգ է այն առումով, թե ինչպես է այդ ամենի տակից դուրս գալու: Բանն այն է, որ նա այդ պաշտոնը զբաղեցնելու համար  երիտասարդ է, ընդամենը 29 տարեկան, մարզական բնագավառում աշխատելու մեծ փորձ չունի,  զանգվածային սպորտի մի ոլորտից է, որը հատկապես վերջին տարիներին Հայաստանում կաղացել է ու ներկայումս էլ մի լավ վիճակում չէ: Բացի այդ, թեև նա բասկետբոլիստ է եղել, մրցավար, սակայն մասնագիտությամբ ատամնաբույժ է:  Թերևս այդ է պատճառը, որ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովում Ռոստոմյանը խնդրեց իր նոր պաշտոնի ու  դրա հետ կապված առաջիկա անելիքների մասին հարցեր չտալ:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համաժողովում (անցկացվեց մայրաքաղաքի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում) ակնհայտ դարձավ, որ կազմակերպական խնդիրներում Ռոստոմյանը ներկայումս սովորելու շատ բան ունի:

Ժողովը դեռ չսկսած` ֆեդերացիայի նախագահը նախագահելու համար բեմ հրավիրեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանին: Վերջինս, թեև փորձեց առարկել, թե դրա համար նախ պետք է առաջարկ լինի, քվեարկություն, սակայն նրան լսող չեղավ, Ռոստոմյանն  անդրդվելի մնաց: Հետաքրքիրն  այն է,  որ երբ վերջինս  միանձնյա, առանց այլընտրանքային տարբերակի առաջարկվեց և ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, իր հերթին առաջարկեց իր իսկ կազմած ցուցակով, առանց այլընտրանքի, ընտրել  նախագահի երեք տեղակալներին, գլխավոր քարտուղարին և նախագահության 13 անդամներին: Փաստորեն, պատգամավորներին  տեղից առաջարկ կատարելու ոչ մի հնարավորություն չտրվեց:

Ի դեպ, երբ Ռոստոմյանը առաջարկեց գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրել Արթուր Նազարյանին, անսպասելիորեն  ներկաներից մեկը, երևի ժողովրդավարության  թեկուզ մեկ փորձ անելու համար, այդ պաշտոնում ընտրվելու համար առաջարկեց Լիանա Բաղդասարյանի թեկնածությունը: Եվ դրանից հետո դահլիճում խառնաշփոթ ստեղծվեց, քանի որ պահանջվեց, որ  երկու թեկնածուները ելույթ ունենան և ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց անելիքը, եթե այդ պաշտոնը զբաղեցնեն: Դրությունր շտկեց Բաղդասարյանը` ինքնաբացարկ հայտարարելով:

Թվում էր, թե հանգամանալից հաշվետվություն կտրվի նախկինում կատարված աշխատանքի մասին, սակայն, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը ընդամենը տասը րոպե մնաց ամբիոնի մոտ: Ասվածից կարելի էր ենթադրել, որ բասկետբոլը Հայաստանում կատարյալ հաջողությունների շրջան է թևակոխել: Մասնավորապես, հայտնվեց, որ շեշտը դրվել է մանկապատանեկան մարզօջախներում այդ մարզաձևը զարգացնելու, նաև ակումբային հզոր թիմ ստեղծելու  վրա, որը եվրոպական մրցասպարեզներում հաջող կներկայացնի մեր երկիրը: Ու եթե հասկանալի էր, որ մանկապատանեկան  բասկետբոլը զարգացնելու համար քայլեր են կատարվում, գնդակներ են բաշխվում տարբեր կենտրոններին, ապա պարզ չէր, թե ինչ գործ ունի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակումբային բասկետբոլի հետ: Ի դեպ, երբ խոսք բացվեց ֆեդերացիայի ֆինանսական  գործերի մասին, Ռոստոմյանն ակնարկեց, որ ֆեդերացիան Եվրալիգայում հաջող նորամուտ ունեցած Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմի կարիքները հոգալու համար10 դրամ էլ չի ծախսել: Որպես թերություն նշվեց, որ Երևանում բասկետբոլի մարզասրահների պակասի խնդիր կա: Ռոստոմյանը խոստացավ, որ  4 տարի հետո մայրաքաղաքում ֆեդերացիան 3-4 հազար նստատեղ ունեցող դահլիճ կունենա:

Խնդիրներից մեկն էլ համարվեց այն, որ Հայաստանում բարձրակարգ մրցավարներ չկան: Հույս հայտնվեց, որ մինչև 2012-ը մեր երկիրը 2 միջազգային  կարգի մրցավար և 1 տեսուչ կունենա: Ի դեպ, Ռոստոմյանը  կրում էր միջազգային  կարգի մրցավարի կոչում: Սակայն, «Հատիսի» նկատմամբ Եվրալիգայի խաղերը սպասարկած մրցավարների դրսևորած կողմնակալ վերաբերմունքից հետո, նա հրաժարվել էր իր կոչումից: Փաստորեն, ներկայումս  այս առումով էլ փաստի առաջ ենք կանգնած: Թերևս, «փրկում է» այն հանգամանքը, որ մերոնք դրսում միջազգային ստուգատեսների գրեթե չեն մասնակցում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ հանդես գալու դեպքում խայտառակ պարտություններն ավելի հավանական են: Սակայն այդ մասին ոչ մի խոսք չասվեց: Անդրադարձ չեղավ նաև բասկետեբոլի Հայաստանի կանանց  և տղամարդկանց առաջնություններին, որոնք անցնում են սակավաթիվ թիմերի մասնակցությամբ, և վերջին տարիներին մեկնարկած ակումբներից էլ միշտ հեռացողներ, մրցումները կիսատ թողնողներ են լինում:  Էլ չենք խոսում այն մասին, որ դրանց խաղամակարդակը շատ ցածր է:

Ի դեպ, համաժողովում պարգևատրվեցին Հայաստանի առաջնության մրցանակակիրները` տղամարդկանց մրցաշարում առաջին  երեք տեղերը գրաված ՖԻՄԱ-ն, «Հատիսը», Երևանի ճարտարագիտական համալսարանի հավաքականը, կանանց մրցաշարում առաջին երեք տեղերում հայտնված «Հատիսը»,  Գյումրիի հավաքականը, «Գրանդ Քենդին»: Զարմանալին այն է, որ մրցաշրջան անցած մարզիկ-մարզուհիներին չհրավիրեցին, որ կանգնեն  բոլորի առջև, հանդիսավորութամբ նրանց վզին գցվեն մեդալները: Պարզապես,  հապճեպ, սկուտեղով « բիրիքով»  դրանք տվեցին ակումբների ներկայացուցիչների, որ տանեն  բաժանեն իրենց  թիմակիցներին:

Հետաքրքիրն այն է, որ երբ ցանկանում էին հաշվետու ժամանակահատվածում ֆեդերացիայի կատարած աշխատանքը, «բավարար» գնահատել, գործի հետ գրեթե կապ չունեցող անձանցից մեկն առաջարկեց, որ «լավ» գնահատական տրվի: Այս ամենը զավեշտական է, քանի որ որոշակի ցուցանիշներ չկան, և հայտնի էլ չէ, թե բասկետբոլից ինչ արժեքավոր բան ունենք Հայաստանում:

Ի դեպ, 2010-ից երկու ամիս է անցել, սակայն պարզ չէ, թե մերոնք մասնակցելո՞ւ են Եվրոպայի պատանեկան տարբեր տարիքային խմբերի առաջնություններին, թե՞ ոչ: Բանն այն է, որ դրա համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել, սակայն քանի որ Հայաստանում նույնիսկ քիչ թե շատ ուժեղ պատանի խաղացողներ չկան, հույսը արտասահմանյան տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների ներուժն օգտագործելն է: Ուստի , չենք շտապում այդ քայլին դիմել: Խնդիրն այն է, որ եթե հայտ ներկայացվի, և հետո  մերոնք չմասնակցեն այդ ստուգատեսին, ապա ստիպված պետք է տուգանք վճարեն: Իսկ եթե հայտ չունենանք և հետո ցանկանանք մասնակից ունենալ, ապա ոչ մի դժվարություն չի ծագի:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը ներկայումս  շրջագայում է արտասահմանում: Նա պետք լինի Մոսկվայում, Սարատովում, Սամարայում, Կիևում, Ալուշտայում, Աստանայում և մի շարք այլ քաղաքներում, փորձի խաղացողներ գտնել Հայաստանի պատանեկան հավաքականի համար: Մի շարք երեխաների ծնողներ համաձայն են, որ նրանք խաղան  մեր երկրի պատանեկան հավաքականում, սակայն պահանջում են, որ Հայաստանի քաղաքացիություն տրվի, և հայկական բանակում ծառայելու հոգսից ազատված լինեն: Ինչպես երևում է, մերոնք պատրաստ են այդ քայլին:

Ինչ վերաբերում է այս տարի Երևանում կայանալիք բասկետբոլիստուհիների C խմբի Եվրոպայի առաջնությանը, ապա  մեր թիմը կհամալրեն արտասահմանում խաղացող հայ 6 մարզուհիներ: Նրանցից 2-ը հանդես են գալիս Իրանի, 2-ը` Ռուսաստանի, 1-ը Շվեդիայի, 1-ը Հոլանդիայի առաջնություններում: Թույլատրվում է, որ մեկ մարզուհի օտարազգի լինի: Բայցի այդ մեկից, մի օտարազգի էլկխաղա, սակայն նրա համար փաստաթղթեր պետք է սարքվեն, որպեսզի մի քանի տարվա Հայաստանի քաղաքացիություն ունենա: Այսինքն, կեղծիք` հանուն պատվի: Օտարազգիներից մեկը լինելու է «Հատիսի» խաղացող Ամանդա Ջեքսոնը, իսկ մյուսը դեռ որոշված չէ:

Դիտվել է 1646 անգամ:
Print Friendly

Leave a Reply