Երվանդ Մանարյանը ևս արդարացնում է սերիալներում նկարահանվող “լուրջ” դերասաններին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 16, 2012 16:03
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հակահայկական ֆիլմերի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ Երվանդ Մանարյանը կրկին զայրացավ, կրկին քննադատեց իշխանություններին, կրկին խոսեց վատ ֆիլմերի ու սերիալների մասին, բայց վերջում արդարացրեց այդ սերիալներում նկարահանվող դերասաններին:
Ասուլիսի մյուս բանախոս, ռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ մատնանշեց մի քանի ֆիլմեր, որոնք, նկարահանվելով հայ ռեժիսորների կողմից, հակահայկական քարոզչություն են իրենց մեջ պարունակում, սակայն մաեստրո Մանարյանը, պարզվում է, այդքան էլ տեղյակ չէր նման ֆիլմերից:
“Անկեղծ ասած` ես այդպիսի ֆիլմերի ծանոթ չեմ, բայց շատ հավանական է, որ կան այդպիսիք, որովհետև արևի տակ տեղ փնտրող մարդկանց թիվը միշտ մեծ է լինում”,-ասաց մաեստրոն` շեշտելով, որ այդպիսինները պետք է իրենց արժանի պատասխանն ստանան, ուրիշ ոչինչ:
Մանարյանի կարծիքով անհրաժեշտ է ֆիլմեր նկարել սահմանամերձ գյուղերի բնակիչների և նրանց վարած կենցաղի մասին, քանզի նրանք են պահում մեր հողերը, մինչդեռ մենք չգիտենք այդ մարդկանց մասին:
“Հիմա անշնորհք մարդկանց պակաս չկա, նրանց դեմ դժվար է պայքարել: Հակառակվելու դեպքում քեզ նացիոնալիստ են անվանում: Դա առանձնակի խնդիր չէ, բայց այլ է իրավիճակը, երբ ազգային արժեքները փնովողներին չեն պատասխանում: Պայքարի ինչ-ինչ փորձերը էֆեկտիվ չեն, որովհետև գիտակցաբար արած վատ գործն աստիճանաբար դառնում է համոզմունք: Այդպիսի ֆիլմեր նկարողներն ուտելու այդ ճանապարհն են ընտրել, բայց կարելի է նաև լավ բաներ ցույց տալ: Մեզանում, ժողովրդական ասացվածքի պես, ջրի հետ երեխային էլ ենք դուրս հանել”-նկատեց մաեստրոն:
Մանարյանը, խոսելով մեր այսօրվա դերասանների մասին, ասաց, որ մենք այսօր տաղանդավոր դերասաններ շատ ունենք, ապա շարունակեց ֆիլմերի ու սերիալների թեման` քննադատելով քրեական ուղղվածության, ծեծ ու ջարդ քարոզող և սերունդ փչացնող սերիալները:
Սակայն “Անկախ”-ի այն դիտարկմանը, թե այդ մեծանուն և տաղանդավոր դերասաններն այսօր նկարահանվում են իր իսկ նշած վատ սերիալներում` կերտելով կրիմինալ կերպարներ, և այդ դերասաններից շատերն արդեն այսօր թանկարժեք մեքենաներով են շրջում քաղաքում` հաճախ իրական կյանքում մնալով իրենց իսկ կերտած կերպարների ազդեցության տակ, մաեստրո Երվանդ Մանարյանը փորձեց արդարացնել նրանց` նշելով, որ դերասանները մեղք չունեն, սերիալ նկարողներն են մեղավոր, դերասանն ընդամենը իր գործն է անում` կարիքից դրդված:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
