Մեղր. կորչեն վատ նյութափոխանակությունն ու ավելորդ քաշը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 10, 2010 12:41

Մի քանի տարի առաջ մասնագետները հայտնաբերեցին, որ եթե քնելուց առաջ մեղր ես ուտում, լյարդը քնած ժամանակ «միացնում» է ճարպերի այրման մեխանիզմը, ինչի հետևանքով լավանում է օրգանիզմի նյութափոխանակությունը, և ավելորդ կալորիաները սկսում են այրվել:

Այսինքն` միայն մեղրը և լավ քունը բավական են, որ կարգավորեք ձեր նյութափոխանակությունը, լավացնեք ընդհանուր առողջական վիճակը և ազատվեք ավելորդ կիլոգրամներից: Մասնագետները պնդում են, որ եթե ամեն օր քնելուց առաջ 1-2 ճաշի գդալ մեղր ուտեք (ցանկալի է՝ ֆրուկտոզայով հարուստ), ապա մեկ ամսվա ընթացքում կարող եք, ուրիշ ոչինչ չանելով, նիհարել մոտ 3 կիլոգրամով՝: Եվ, բնականաբար, ձեր ընդհանուր ինքնազգացողությունը նույնպես նկատելիորեն կլավանա:

Մեղրն ավելի լավ կազդի, եթե այդ ամսվա ընթացքում հետևեք նաև ձեր սննդակարգին, քանի որ ճիշտ սնունդը նպաստում է լավ նյութափոխանակությանը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ոչ յուղոտ կերակուր, հնարավորին չափ քչացնել կոնսերվացված մթերքների և ամեն տեսակի կիսաֆաբրիկատների օգտագործումը, քանի որ դրանց մեջ գրեթե  ոչ մի վիտամին չի մնում:

Խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ մեծ տեղ հատկացնել ածխաջրերին՝ հնդկացորենին, կարտոֆիլին, բրնձին, չամիչին և օրաբաժնում ներառել հնարավորին չափ շատ մրգեր, բանջարեղեն և մեղր: Շաբաթվա ընթացքում կարելի է ուտել 2-3 ձու, որոնք ձեր օրգանիզմին կտան անհրաժեշտ պրոտեինը: Ձուկն այս ընթացքում հիանալի կերակուր կլինի, ընդ որում, կարելի է ուտել ձկան բոլոր տեսակները, նույնիսկ յուղոտները:

Միսը նույնպես անհրաժեշտ է ձեր օրգանիզմին, բայց սահմանափակ քանակությամբ` շաբաթական 3-4 անգամ: Իսկ եթե դուք բուսակեր եք` միսը կարող եք փոխարինել սոյայով:

Հրաժեշտ տվեք աղի ուտեստներին, սպիտակ հացին և այն սննդամթերքին, որի մեջ արհեստական ներկանյութեր են օգտագործված: Այս բոլոր մթերքները վնաս են ոչ միայն ձեր կազմվածքին, այլև առողջությանը: Աշխատեք սնվել միայն բնական, լավ պատրաստված «տնական» կերակրով, ընդ որում, օրը մի քանի անգամ, բայց փոքր չափաբաժնով: Միայն միրգը կարելի է անսահմանափակ քանակությամբ ուտել:

Կարող եք օգտվել մասնագետների առաջարկած այս օրաբաժնով.

Նախաճաշ (կարող եք ընտրել առաջարկված տարբերակներից մեկը).

– Մեկ բաժակ խնձորի հյութ, մի փոքր ափսե վարսակաձավար՝ ոչ յուղոտ կաթով, եփած ձու, մեկ բաժակ ոչ յուղային յոգուրտ;

– Մեկ բանան, մեկ կտոր թեփով հաց՝ ջեմով, մեկ բաժակ ոչ յուղային յոգուրտ և մեկ թեյի գդալ մեղր;

– Մրգային աղցան ` խնձորից և նարնջից, վարսակաձավար՝ ոչ յուղոտ կաթով և մեկ ձվից ձվածեղ:

Ճաշ (լավ կլինի, եթե պատրաստեք այս ամենը տանը և վերցնեք ձեզ հետ աշխատանքի, քանի որ դժվար է պատկերացնել ավելի վնասակար սնունդ, քան ինչ-որ կասկածելի կրպակներից գնված արագ սնունդը).

– Մեկ բաժակ նարնջի բնական հյութ կամ մեկ խնձոր, 2 կտոր թեփով հաց, եփած ձուկ, բանջարեղեն;

– Մրգային աղցան խնձորից և նարնջից,  փոքր ափսեով բրինձ` մեկ կտոր մսով, կաղամբի և լոլիկի  աղցան:

– Մեկ բաժակ լոլիկի հյութ, մեկ փոքր ափսե մակարոն՝ եփած հավի մեկ կտորի հետ, 50 գրամ ոչ շատ յուղոտ պանիր, լոբով աղցան:

Ճաշից մի քանի ժամ անց` աշխատանքային օրվա վերջում, կարող եք ուտել մեկ բանան կամ մի քիչ կաթնաշոռ:

Տուն վերադառնալուց հետո, մինչև կպատրաստեք ընթրիքը, կարող եք ուտել չամիչով գազար, լոլիկ և վարունգ, ոչ յուղային յոգուրտ կամ էլ աղցան՝ պատրաստված խնձորից և վարունգից, կարելի է ավելացնել նաև յոգուրտ:

Ընթրիք.

– Մեկ բաժակ լոլիկի հյութ, բանջարեղենի ապուր (որի մեջ կարող է լինել կարտոֆիլ, սոխ, լոլիկ, սունկ և այլն), 30 գրամ ոչ շատ յուղոտ պանիր;

– Եփած ձուկ, եփած կարտոֆիլ, գազարի և կաղամբի աղցան, մեկ բաժակ յոգուրտ;

– Մեկ բաժակ մանգոյի հյութ, 30 գրամ պանիր, խնձորի և լոլիկի աղցան, սառեցրած հատապտուղներ և խնձորի հյութ:

Քնելուց առաջ ոչինչ ուտել չի կարելի: Միայն 1-2 ճաշի գդալ մեղր, որը ցանկության դեպքում կարելի է խառնել մեկ բաժակ գոլ ջրին:

Այս ընթացքում շատ կարևոր է  երկար ժամանակ տրամադրել քնին, որպեսզի օրգանիզմը այդ ընթացքում հասցնի հանգստանալ և լավացնել նյութափոխանակությունը:

Ըստ մասնագետների՝ սա նյութափոխանակությունը լավացնելու և ավելորդ քաշից ազատվելու ամենալավ մեթոդներից  է, քանի որ չի վնասում առողջությանը և չի զրկում օրգանիզմը անհրաժեշտ սննդանյութերից:

Այս մեթոդը շաքարային դիաբետով և ալերգիայով տառապողներից բացի, կարելի է խորհուրդ տալ բոլորին:

Դիտվել է 7688 անգամ:
Print Friendly

Leave a Reply