Հակասահմանադրական ճանաչվեցին Քրդատօր-ի 380-րդ հոդվածի 2 մասերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 16, 2012 14:59

ՍԴ-ն հոկտեմբերի 16-ին գրավոր ընթացակարգով քննության առավ քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Վիճարկվող դրույթները վերաբերում են վերաքննիչ բողոք բերելու ժամկետին և բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգին:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, հրապարակելով որոշման եզրափակիչ մասը, հայտնեց, որ որոշումը ծավալուն է և առաջիկա երկու օրերին այն ամբողջությամբ կտեղադրվի ՍԴ պաշտոնական կայքէջում և կտրամադրվի օրենքով նախատեսված սուբյեկտներին:

Այսպիսով` դատարանը, ելնելով գործի քննության արդյունքներից, որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով ճանաչվում է հարգելի:

ՍԴ-ն որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով, բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով, բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով չի ճանաչվում հարգելի:

Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանն այնքանով, որքանով որ հոդվածի երկրորդ մասի «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը, հասանելիություն օրենքով նախատեսված սուբյեկտներին:

ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի` «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը», 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ վերաքննիչ բողոք բերվում են առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

380-րդ հոդվածի` «Բողոքարկման ժամկետը վերականգնելու կարգը», 1-ին և 2-րդ մասերը սահմանում են.

1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները:
Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply