Հաշմանդամ երեխաների 18 տոկոսը դպրոց չի հաճախում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2012 14:57

Հայաստանում հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխաների թիվը 7958-ն է, որը երեխաների ընդհանուր թվի 1 տոկոսն է: Իսկ սա նշանակում է, որ կարող են լինել հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող շուրջ 12000 երեխա, որոնց հաշմանդամությունը չի ճանաչվել, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում ստանալ օրենքով իրենց վերապահված ծառայությունները:

Այսօր այս մասին նշվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցի ընթացքում:

«Հետազոտության նպատակն էր պարզել հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը, երեխաների մասնակցությունը կենսագործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաև բացահայտել ներառման խոչընդոտները»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը:

Որպես թիրախային խումբ՝ ընտրվել են հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաները:

«6 մանկատներում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մանկատուն ավելի հաճախ են հանձնում հաշմանդամություն ունեցող աղջիկների՝ քան տղաների»,- ասաց Մերի Պողոսյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ընդամենը 18 տոկոսը չի հաճախում դպրոց, իսկ դա նշանակում է, որ 5 երեխայից 1-ը դպրոց չի հաճախում, գյուղական համայնքներում այս ցուցանիշը ավելի բարձր է՝ 23 տոկոս, այսինքն՝ 4 երեխայից 1-ն է հաճախում դպրոց: Երևանում 13 տոկոս՝ 8 երեխայից 1-ն է հաճախում դպրոց, իսկ մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաների 72 տոկոսը դպրոց չի հաճախում :

«Մենք պետք է գիտակցենք և ընդունենք բոլոր այն խնդիրները, որ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք և որ նրանք հասարակության լիարժեք անդամներ են, մենք մեր մոտեցմամբ և մեր կողմից իրականացվող քաղաքականությամբ, պետք է անենք առավելագույնը, որ հաշմանդամություն ունեցող անձինք որևէ կերպ չզգան այն խնդիրներն ու տարբերությունները որ ունեն»,- ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ սա շատ լավ ցանկություն է, բայց այսօր այդ ցանկությունը իրականացնելու համար պետք նաև իրականացվեն համապատասխան ծրագրեր և միջոցառումներ:

Նախարարի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մեկ օրում չեն լուծվի, բայց այն, որ զեկույցում ներկայացված խնդիրների հիման վրա իրենք կնախատեսեն ծրագրեր, որը կսկսեն իրականացնել՝ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply