Ցիտրուսներ. ձեր առողջության գրավականը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 4, 2010 9:35

«Եթե վատ տրամադրություն ունես` նարինջ կեր, եթե մրսած ես` կիտրոն կեր»: Այս խորհուրդները հաճախ ենք լսում տարեց մարդկանցից, բայց, չգիտես ինչու, դրանց գրեթե չենք հետևում: Մրսած ժամանակ շարունակում ենք դեղեր խմել, իսկ վատ տրամադրության դեմ չենք էլ փորձում պայքարել:

Եթե երբևէ տառապել եք դեպրեսիայով և փորձել եք նարինջը, որպես բնական դեղամիջոց, ապա արդեն գիտեք նարնջի հակադեպրեսանտ հատկությունների մասին: Եվ ձեր շրջապատում, հավանաբար,  նկատել եք, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են կիտրոն օգտագործում, գրեթե չեն հիվանդանում:

Այսօր աշխարհում ցիտրուսներն ամենասիրված մրգերի ցանկում առաջին տեղն են զբաղեցնում, և  դա բնավ զարմանալի չէ, քանի որ շատ համեղ են, տարին 12 ամիս  վաճառվում  են շուկայում, հարուստ են վիտամիններով և շատ լավ են առողջության համար:

Երևի չկա մեկը, ով չի լսել, որ ցիտրուսային մրգերը հարուստ են C վիտամինով, բայց քչերը գիտեն, թե ինչու է այդ վիտամինը շատ օգտակար:

« C վիտամինն ուժեղացնում է իմունային համակարգը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ինչն առավել  կարևոր է հիմա` ձմռանը, – ասում է թերապևտ Կարինե Հայրապետյանը: – C վիտամինը պաշտպանում է ձեր օրգանիզմը մրսելուց, իսկ հիվանդանալու դեպքում` օգնում  շուտ ապաքինվելուն»:

Լավագույն բնական դեղամիջոցը հարբուխի, մրսածության, կոկորդի ցավի և հազի դեմ կիտրոնի հյութն է՝ խառնած մեկ բաժակ գոլ ջրի ու մեկ թեյի գդալ մեղրի հետ: Մրսածության ժամանակ լավ է օգնում նաև նարնջի հյութը:

Ըստ բժիշկների` C վիտամինն օգնում է նաև պայքարելու շնչարգելության, բրոնխիտների և մի շարք այլ շնչառական խնդիրների դեմ: Այն լավ է նաև աչքերի և ատամների համար, քանի որ կանխում է կարիեսը, լնդերի արյունահոսությունը և պնդացնում է թե’ լնդերը, թե’ ատամները: Հայտնի է, որ C վիտամինը նաև նպաստում է վերքերի և վնասվածքների շուտ լավանալուն:

C վիտամինը և բետա-կարոտինը, որոնցով հարուստ են բոլոր ցիտրուսները, հայտնի հակաօքսիդանտներ են. նրանք պահպանում են մարմնի բջիջները վնասվելուց  և օգնում են կանխելու նորագոյացությունները:

Ցիտրուսային մրգերը հարուստ են նաև ֆոլաթթվով: Այն նույնպես հայտնի է իր հակաօքսիդանտ հատկություններով և կանխում է խոցերի (մանավանդ՝ թոքերի և աղիքների) գոյացումը:

«Ֆոլաթթուն շատ լավ է նյարդային համակարգի և գլխուղեղի գործունեության համար: Այն անհրաժեշտ է մանավանդ հղի կանանց, որպեսզի պտղի նյարդային համակարգը ճիշտ ձևավորվի», – ասում է բժշկուհի Հայրապետյանը:

Ցիտրուսները, մանավանդ նարինջը և կիտրոնը, հարուստ են նաև կալցիումով, որը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր հանքանյութերից է: Հայտնի է, որ այն ամրացնում է ոսկորներն ու ատամները և շատ լավ է սրտանոթային համակարգի համար. «Ցիտրուսային մրգերը իջեցնում են ճնշումը և խոլեստերինի մակարդակը՝ կանխելով մի շարք սրտային հիվանդություններ», – ասում է Հայրապետյանը:

Այսպիսով, բժիշկները խորհուրդ են տալիս հիպերտոնիկներին և սրտային հիվանդություններով տառապող մարդկանց, անպայման իրենց օրաբաժնում ներառել ցիտրուսային մրգեր:

Կալցիումը և մագնեզիումը լավ են նյարդային համակարգի համար, օգնում են պայքարելու անքնության դեմ և թուլացնում են PMS-ի (նախադաշտանային համախտանիշի) տհաճ երևույթները:

Ցիտրուսային մրգերը պարունակում են նաև A և B վիտամիններ, պրոտեին, երկաթ, ֆոսֆոր, ցինկ և մի շարք այլ հանքանյութեր, որոնք կանխում են անոթների և զարկերակների պատերի կարծրացումը՝ նվազեցնելով աթերոսկլերոզի վտանգը:

Նարինջը նաև կանխում է երիկամների քարերի գոյացումը և լավ է տղամարդկանց սեռական առողջության համար. այն պաշտպանում է սպերմայի բջիջները վնասվելուց  և կարող է կանխել անպտղությունը:

Ցիտրուսները օգտակար են ոչ միայն մարդու առողջության, այլև արտաքինի համար: Նարնջի ու կիտրոնի հյութը պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալներից, դարձնում են այն փափուկ և գեղեցիկ: Եթե փորձեք կիտրոնի կեղևը քսել չոր մաշկին, շատ շուտ կզգաք տարբերությունը: Կիտրոնի հյութը նաև լավ մանրէասպան է՝ նրանով կարելի է մանրէազերծել վերքերն ու վնասվածքները:

Վերջապես, կիտրոնի հյութը օգնում է ազատվել  ավելորդ քաշից: Ամեն առավոտ նախաճաշից առաջ`  մեկ բաժակ ջուր, կիտրոնի հյութ և մի քիչ մեղր, և կարող եք հրաժեշտ տալ վատ մարսողությանն ու դրա հետևանքով առաջացող  գիրանալու խնդիրներին:

Այսպիսով, եթե ալերգիա չունեք ցիտրուսային մրգերի նկատմամբ, դրանք հնարավորինս շատ օգտագործեք: Ցիտրուսները կօգնեն ձեզ խուսափել մի շարք առողջական խնդիրներից և միշտ բարձր կպահեն ձեր տրամադրությունը:

Դիտվել է 3297 անգամ:
Print Friendly

Leave a Reply