Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 15, 2012 17:41

Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երևանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և գործնական հիմքերի վրա դնելու  Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները:  «Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը ինչպես մշակութային, զբոսաշրջության զարգացման, այնպես էլ բիզնես ոլորտներում: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երևանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման համակարգը, ինչպես նաև Երևանում ընթացող քաղաքաշինական ծրագրերը, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանի դիրքորոշումը ժամանակակից լուծումներին զուգահեռ քաղաքի պատմական դիմագիծը պահպանելն է և քայլեր են կատարվում մոտեցումները օրենսդրորեն ամրագրելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովը իր հիացմունքն է արտահայտել Երևանի օրվա տոնակատարության կապակցությամբ, առանձնացնելով, որ հատկապես տպավորված է տոնական միջոցառումներին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:

Ռիգայի դումայի նախագահը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը հատկապես փորձի փոխանակման առումով, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Երևանի և Ռիգայի միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան: «Մայրաքաղաքների խնդիրները գրեթե նույնն են և այսօր առկա են բոլոր նախադրյալները համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար»,- նշել է Ռիգայի դումայի նախագահը:

Տեղեկացնելով, որ  2014թ-ին Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, Նիլ Ուշակովը  գրքի համաշխարհային մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է մասնակցելու այդ առիթով կազմակերպող միջոցառումներին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը  երևանյան կողմի պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ռիգայում 2014թ-ին նախատեսվելիք միջոցառումներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply